Լրահոս 24/7

Ալիեւը կգնա՞ Վարշավայի հետ «դիվանագիտական խզման»

«Հայաստանում ԵՄ Առաքելության անդամների հետ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների եւ եվրոպական ինստիտուտների հակաադրբեջանական քաղաքականության հերթական դրսեւորում է»,-ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության տեքստում, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «խորապես ցավում է, որ պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի նախագահը մասնակից է դարձել անընդունելի «հեռադիտակային շոուին» ինչը հանգեցնում է Ադրբեջանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների սրացման»:

Այնուհետեւ պաշտոնական Բաքուն բացահայտում է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք «բազմիցս դիմել են Լեհաստանի նախագահի աշխատակազմին եւ ԱԳՆ-ին, բայց լեհական կողմը ձեռնպահ չի մնացել այդ սադրիչ քայլից»: Ըստ այդմ, Ադրբեջանն իրեն «իրավունք է վերապահում այդ ոչ բարեկամական ակցիայի դեմ ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ»:

Բաքվում, ամենայն հավանականությամբ, Լեհաստանի նախագահի կողմից Նախիջեւանի հետ սահմանի Երասխի հատված այցը գնահատել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի շուրջ քննարկումների տիրույթում եւ եզրակացրել, որ Եվրամիությունը հակված է կայացնելու այն երկարաձգելու որոշում:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը սլաքներն ուղղում է ԵՄ անդամ մի շարք երկրների եւ եվրոպական ինստիտուտների դեմ: Կարելի է ենթադրել, որ Բաքուն իրեն հասանելի աղբյուրներից տեղեկացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցում ԵՄ –ում իշխող տրամադրվածությունից:

Լեհաստանի հետ հարաբերությունների սրացման, նախագահ Դուդայի որոշման դեմ դիվանագիտական համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը վկայում է Բաքվի նյարդայնացությունը:

Ի՞նչ քայլի կդիմի Ադրբեջանը: Բաքվում Լեհաստանի դեսպանն, ամենայն հավականությամբ, կհրավիրվի արտաքին գործերի նախարարություն, որտեղ, երեւի, նրան բողոքի գրավոր նոտա կփոխանցվի: Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւն ընդունի Վարշավայից իր դեսպանին խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու որոշում:

Դեկտեմբերի 1-ին Եվրահանձնաժողովը նոր կազմով կմտնի լիազորությունների մեջ: Փորձագետները կանխատեսում են, որ Եվրամիության համար էներգետիկ անվտանգության, բնապահպանական խնդիրները միջազգային չափազանց բարդ իրավիճակում առաջնահերթություն չեն, Բրյուսելը կկենտրոնանա միասնականության, կայունության պահպանման եւ Եվրամիության անվտանգության համակարգի ձեւավորման վրա:

Լեհաստանի եւ նրա նախագահի հասցեին Ադրբեջանի արտգործնախարարության կողմից թույլ տրված՝ դիվանագիտական պատշաճության սահմաններից դուրս որակումները, հավանաբար, ընտրված են այն մարտավարությամբ, որ դրանք ազդեցություն կունենան նաեւ Բրյուսելում, ԵՄ անդամ այլ պետությունների մայրաքաղաքներում:

ԵՄ անդամ մի շարք երկրներ ադրբեջանական գազի գնորդներ են, իսկ Հունգարիան նաեւ Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է:

Բաքուն, անկասկած, փորձելու է Լեհաստանի հետ հարաբերությունների սրացումը ԵՄ անդամ որոշ երկրների միջոցով ներկայացնել այնպես, որ Ադրբեջանի «շահերի անտեսումը վնասում է Եվրամիության վարկին»։

Որքանո՞վ դա կհաջողվի կամ՝ ոչ՝ հնարավոր կլինի դատել ըստ Վարշավայի նկատմամբ Բաքվի հետագա քայլերից:

Ալիեւը կգնա՞ Վարշավայի հետ «դիվանագիտական խզման»։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

6 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

8 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

9 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

10 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

10 hours ago