Անդրադառնալով Սիրիայում երկու օր առաջ վերսկսված մարտական գործողություններին, թուրքական «Սաբահ» պարբերականը երկու հիշեցում է արել։
Առաջինը նախագահ Էրդողանի այն միտքն է, որ Լիբանանի դեմ հարձակումներից հետո Իսրայելը ճնշում կգործադրի Թուրքիայի նկատմամբ եւ կսեւեռվի նրա տարածքներին։
Երկրորդն Էրդողանի այն հայտարարությունն է, որ նա արել է՝ լինելով դեռեւս Թուրքիայի վարչապետ․
«Այո, իմ հարաբերությունները Բաշարի (Սիրիայի նախագահ Ասադի) հետ բարեկամական են, բայց ես Թուրքիայի առաջնորդն եմ։ Եւ եթե Թուրքիայի եւ Բաշարի շահերը չհամընկնեն, ես պարտավոր եմ ընտրել առաջինը»։
Թուրքական մամուլը չի թաքցնում, որ Հալեպը գրոհած եւ զգալի հաջողության հասած զինված խմբավորումները վայելում են Էրդողանի թե քաղաքական, թե ֆինանսա-տնտեսական, թե ռազմական հովանավորությունը։
Վերջին օրերին նրանք սիրիական զորքերի դեմ թուրքական արտադրության ԱԹՍ-եր են կիրառել։ Շատ հավանական է, որ ապստամբների շարքերում կան նաեւ բազմաթիվ թուրք սպաներ, ռազմական տեխնիկայի մասնագետներ։
Բայց ո՞րն է այդ հարձակման նպատակը, ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան։
Սիրիայի հյուսիսում մոտ հինգ տարի առաջ հաստատվել է ստատուս-քվո, որի երաշխավոր են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։
Հալեպի ուղղությամբ հարձակումն այդ պայմանավորվածությունների ուղղակի խախտում է։ Եվ փասատցի մի իրավիճակ է, երբ թուրքական հովանավորության ուժերի դեմ սիրիական բանակի հետ կռվում է նաեւ ռուսական զորախումբը։
Ճիշտ է, թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ասադի զորքերին ռուսական օգնությունը նվազ է, սահմանափակվում է միայն օդուժի հարվածներով, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Փորձագիտական տեսակետ կա, որ Ռուսաստանը «Սիրիան հանձնում է Թուրքիային»։ Ինչի՞ դիմաց՝ այս հարցին առայժմ հստակ պատասխան չկա։
Թուրքական մամուլը Հալեպի ուղղությամբ ապստամբական ուժերի հարձակումից մի քանի օր առաջ սիրիական բանակի ինքնությունը բացահայտել չցանկացած նախկին գնդապետի անունից վարկած են շրջանառել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «սինոնիստների գործակալն է, երկրի բնիկներին զրկում է տարածքներից, որպեսզի դրանք հանձնի Իսրայելին»։
Շատ հավանական է՝ ոչ մի սիրիացի նախկին գնդապետ չկա, վարկածը մշակել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, որպեսզի Սիրիայի բնակչությանը տրամադրեն Ասադի դեմ, որ, երեւում է, երկրում առանձնակի հեղինակություն չի վայելում եւ ոչ թե ընտրված առաջնորդ է, այլ՝ կոռումպացված բռնապետ։
Թուրքական մամուլը, սակայն, մեջբերել է Իրաքյան Քրդստանի նախկին առաջնորդ Ջալալ Թալաբանիին, որ պարզորոշ հայտարարել է, որ Բաշար Ասադի հենարանը Սիրիայի քրիստոնյաներն են եւ ալավիները։
Ըստ Թալաբանիի՝ Ասադը միասնական Սիրիա պահելու մտադրություն չունի, նրան հետաքրքրում է երկրի արեւմտյան հատվածը, ինչպես նաեւ՝ Դամասկոսի եւ Հալեպի միջակայքը, նա ունի այդ տարածքներում ալավիների եւ քրիստոնյաների պետություն ստեղծելու ծրագիր եւ վաղ թե ուշ նահանջելու է այդ սահմաններին։
Ըստ էության, Թալաբանիի նշած տարածքներում են գտնվում Ռուսաստանի երկու ռազմահենակայանները։ Եւ եթե Ռուսաստանը Հալեպի ուղղությամբ մարտական գործողություններին մեծ մասնակցություն չի ունեցել, ապա, թերեւս, կարելի է ենթադրել, որ մեծ դիմադրություն ցուցաբերելու ծրագիր չունի նաեւ Բաշար Ասադը։
Խնդիրն այն է, թե ստեղծված իրավիճակին եւ հետագա զարգացումներին ինչպե՞ս են վերաբերվելու Իսրայելը եւ Իրանը։ Հալեպի եւ Սիրիայի հյուսիսի անկումը, այնտեղ թուրքական ազդեցության հաստատումը սպառնալիք է Իրանի համար։ Մերձավոր Արեեւլքում Թուրքիայի հեգեմոնիան, բնականաբար, չի կարող ընդունվել Իսրայելի կողմից։
Ռուսաստանին, երեւի, ձեռնտու կլինի ցանկացած տարբերակ, որի դեպքում կպահպանվի Տարտուսի ռազմածովային ուժերի եւ Հմեյմիմի ռազմատիեզերական ուժերի հենակայանը։ Դա Միջերկրական ծովում եւ Աֆրիկայի հյուսիսում ռազմական ներկայություն պահելու, ինչպես նաեւ Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական հավասարակշռություն ստեղծելու հնարավորություն է։
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…