Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն իր օդային տարածքը չի հատել: Անշուշտ, ամեն հավաստիացում չէ, որ իրական է: Մանավանդ որ միջազգային դիտորդներն արձանագրել են, որ Ասադի ինքնաթիռը տեղորոշման համակարգն անջատել է Սիրիայի տարածքում օդ բարձրանալուց մի քանի րոպե անց եւ կրկին միացրել Մոսկվայի օդանավակայաններից մեկում վայրէջքի գնալիս:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նրա մասին ասել է, որ «ներկայումս գտնվում է անվտանգ վայրում»: Կրեմլի խոսնակը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադի հետ հանդիպման ծրագիր չունի: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ասադը Մոսկվայի էլիտար շրջաններում երկու տասնյակ բնակարան եւ առանձնատուն ունի: Որտե՞ղ է նա ապրում՝ հայտնի չէ: Մոսկվան պաշտոնապես հայտնել է, որ Ասադը քաղաքական ապաստան է ստացել բացառապես մարդասիրական նկատառումներով:
Սիրիայում ավելի քան կես դար իշխած ռեժիմի տապալումից մի քանի օր է անցել: Որեւէ երկիր, անգամ Դամասկոսում ձեւավորված «անցումային կառավարությունը» նախկին բռնապետին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ չի հնչեցրել: Միայն ռուսական մամուլն է այդ թեման ակտուալացրել:
Իշխանության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Ասադին Միջազգային քրեական դատարանին չեն հանձնի:
Ռուսաստանը որեւէ երկրից տեղեկացվել է, որ Ասադին կալանքի օրդեր տալու հա՞յց է ներկայացվում ՄՔԴ-ին: Ո՞րն է այդ երկիրը: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրամիության անդամ որեւէ պետություն նման հայտարարություն առայժմ չի արել: Այդ դեպքում Մոսկվան ինչու՞ է այդ թեման հրապարակայնացրել:
Տպավորություն է, որ Սիրիայի նախկին նախագահը Մոսկվայում պատանդ է, եւ նրա հետագա ճակատագիրն ամենեւին էլ պարզ եւ, մանավանդ, կայուն երաշխավորված չէ: Ասադին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիր կարող են հարուցել միայն նրան առերեւույթ տապալած ուժերը, որ Լաթաքիայում պղծել են Հաֆեզ Ասադի աճյունը։
Ըստ տեղեկությունների, Մոսկվան այդ խմբավորման հետ երկխոսության ուղիներ է փնտրում: Ռուսաստանը Սիրիայում երկու խոշոր ռազմակայան ունի: «Ապստամբական ուժերը» դրանց ուղղությամբ որեւէ գործողություն չեն ձեռնարկել: Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն չի տարածվել, այդ թվում եւ՝ արեւմտյան ու արաբական երկրների մամուլում:
Այդուհանդերձ, բրիտանական The Telegraph-ն արձանագրել է, որ Ասադի ռեժիմի անկումը տարածաշրջանի երկրներում Ռուսաստանից հիսաթափության պատճատ է դարձել: Ըստ լրատվամիջոցի՝ հատկապես տարակուսած են Պարսից ծոցի արաբական միապետությունները: Սիրիայում ռազմական ներկայության կորուստը կնշանակի, որ Ռուսաստանը «հեռանում է նաեւ Հյուսիսային Աֆրիկայից»,- եզրակացրել է բրիտանացի մեկնաբանը:
Այդ գնահատականը գոնե ընդհանուր պատկերով իրականությանը մոտ է: Անկասկած է, որ խնդիրներ են ծագել նաեւ ռուս-թուրքական եւ ռուս-իրանական հարաբերություններում: Ավելին, բրիտանացի հեղինակը պատկերում է իրավիճակ, երբ Ռուսաստանը «կարող է ուկրաինական կարգավորման բանակցությունների նստել ավելի թուլացած»:
Նման իրավիճակում ակնարկել, որ Ասադը Միջազգային քրեական դատարանին չի հանձնվի, երբ նման պահանջ որեւէ երկիր չի ձեւակերպել, ենթատեքստով չի՞ նշանակում, որ Մոսկվան իր համար ձեռնտու պայմաններով կարող է քննարկել նախկին բռնապետի հետագա ճակատագրի հետ կապված որեւէ հարց: Թուրքական մամուլը Սիրիայում իրավիճակի սրացումից կարճ ժամանակ առաջ Ասադին կասկածել է Իսրայելի հետ գաղտնի համաձայնության մեջ եւ պնդել, որ նա Սիրիայում տարածքներ է հանձնում «սիոնիստներին»:
Իրանի հոգեւոր առաջնորդը Սիրիայի փլուզումը որակել է ԱՄՆ-ի եւ սիոնիստների գործարք: Կատարվածի պատասխանատվությունը Մոսկվան հասցեագրել է անձամբ Բաշար Ասադին: Կարելի է ենթադրել, որ եթե «դեմոկրատական Սիրիա» ծրագիրը ձախողվի, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, Ռուսաստանը Բաշար Ասադի եւ նրա ընտանիքի ապահովության խնդիրը ներսիրիական գործոն է դարձնելու:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…