

Դիմելով Հայաստանի գործող իշխանություններին, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, Ադրբեջանի հետ ցանկացած պայմանագիր պետք է գնահատել որպես ոչ թե Հայաստանի, այլ միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անունից ստորագրված:
Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք հայրենասիրական, ազգանվեր զգացմունքայնության եւ ինքնազոհողության գնալու պատրաստակամության հերթական դրսեւորման հետ: Մանավանդ որ Վարդան Օսկանյանը Ստեփանակերտի վերջին կառավարիչներից օժտվել է հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի գիտակ եւ արդարացի կարգավորման նվիրյալ:
Վարդան Օսկանյանի հիշյալ հայտարարությունը, մինչդեռ, ավելի շատ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Իլհամ Ալիեւին է հասցեագրված: Վերջերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովն արեւմտյան մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցներում այն միտքն է զարգացրել, որ Ադրբեջանը մտադիր է պայմանագիր ստորագրել ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլ՝ Հայաստանի հետ՝ որպես պետության:
Ադրբեջանը, նրա պաշտոնյաները մի նպատակ ունեն՝ ցանկացած միջոց, հնարք, խարդավանք, բացահայտ կեղծախոսություն գործի դնել, որպես եւ հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվեն, հարաբերությունների եւ խաղաղության հաստատման պայմանագիր չստորագրվի, եւ դրա պատասխանատվությունը մնա հայկական կողմի վրա:
Վարդան Օսկանյանը տասը տարի արտաքին գործերի նախարար է պաշտոնավարել: Այդ ընթացքում Ադրբեջանը երկու անգամ տապալել է նախնական համաձայնությունները, բայց միջազգային ընկալում է ստեղծել, որ խնդրի կարգավորմանը Հայաստանն է դեմ, որովհետեւ ադրբեջանական տարածքները զավթելու նպատակ ունի:
Բաքվում արտաքին քաղաքական ուղեգծի եւ ավանդույթների փոփոխություն տեղի չի ունեցել: Ադրբեջանը ժամանակին չի ունեցել ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման նպատակ: Այսօր արդեն խոսքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու մասին է, որին Ալիեւը ձգտում է հասնել հայկական կողմի միջոցով:
Վարդան Օսկանյանը, որպես նախկին, այսպես կոչված՝ ազգային-հայրենասիրական, իշխանության առանցքային ներկայացուցիչ, փաստացի հայտարարում է, որ Փաշինյան-Ալիեւ ստորագրությամբ պայմանագիրը Հայաստանի համար իրավական ուժ չի ունենա:
Նույնը, բայց հակառակ տրամաբանությամբ, ասել է Իլհամ Ալիեւի պաշտոնական ներկայացուցիչը.
«Մենք երաշխիք չունենք, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը կնքված պայմանագիրը չեղյալ չի հայտարարի եւ վերստին Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացնի»:
Վարդան Օսկանյանը դա հաստատում է՝ փաստացի ասելով, որ Նիկոլ Փաշինյանից հետո գալով իշխանության, իրենց թիմը նրա ստորագրած պայմանագիրը չի ճանաչի եւ Ադրբեջանի հետ կխոսի այլ դիրքից:
Օսկանյանի այս հայտարարությունը համընկնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի այն ձեւակերպմանը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների եզրագծում:
Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը, թերեւս առաջին անգամ, հաստատել է հայ պաշտոնակցի բացահայտումը, որ պայմանագրի տեքստի նախաբանը եւ 17 հոդվածներից 15-ը լիովին համաձայնեցված է, մնացած երկու կետերի քննարկումները շարունակվում են:
Ու՞մ է ձեռնտու, որ բանակցությունները մտնեն փակուղի: Առաջին հերթին՝ Ադրբեջանին: Այդ է վկայում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ հայ-ադրբեջանական նախարարական հանդիպումից Բաքվի հրաժարվելը:
Չպետք է կասկածել, որ Բաքուն Վարդան Օսկանյանի հայտարարությունն օգտագործելու է, որպեսզի տեղեկատվա-քարոզչական ֆոն ստեղծի, որ Հայաստանում կայուն եւ վստահելի իշխանություն չկա, պայմանագրի ստորագրումը պետք է հետաձգել՝ մինչեւ Երեւանում ներքաղաքական իրավիճակը կարգավորվի: Ցավալի է, բայց տպավորություն է, որ Հայաստանի նախկին արտգործնախարարը հանդես է գալիս որպես Իլհամ Ալիեւի պատգամախոս:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…