Ադրբեջանական AZAL ավիաընկերության Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի հետաքննությունն իրականացնում է Ղազախստանի նախագահի ձեւավորած կառավարական հանձնաժողովը, որ նախնական եզրակացության կհանգի հունվարի վերջին: Հետաքննությանը ներգրավվել են միջազգային փորձագետներ, այդ թվում՝ Ռուսաստանից եւ Ադրբեջանից, ինչպես նաեւ Բրազիլիայից, որտեղ արտադրվել է մարդատար օդանավը:
Աղետի առաջին օրերին Ղազախստանը պաշտոնապես հայտարարել է, որ ռուսաստանցի եւ ադրբեջանցի մասնագետները չեն ներգրավվի, իսկ օդանավի «սեւ արկղի» ձայնագրությունները կվերծանեն միայն ղազախստանցի մասնագետները:
Հայտնի է դարձել, սակայն, որ հայտնաբերված երկու «սեւ արկղերը» վերծանման համար ուղարկվել են Բրազիլիա:
«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա ամենաճիշտ որոշումն է»,-տարեվերջի հարցազրույցում այդ առթիվ ասել է Ղազախստանի նախագահ Տոկաեւը, ինչից հասկացվում է, որ այդ հարցով կողմերի միջեւ ծագել են սուր տարաձայնություններ:
Անցած օրերին մի քանի լրատվամիջոցներ բավական իրարամերժ տեղեկություններ են հրապարակել օդանավի անձնակազմի եւ դիսպետչերական ծառայությունների խոսակցության մասին:
Մասնագետները, սակայն, գտնում են, որ տեղեկատվության միակ հուսալի աղբյուրը «սեւ արկղերի» ձայնագրությունն է: Որքա՞ն ժամանակ է պետք անձնակազմի եւ դիսպետչերական ծառայությունների, ինչպես նաեւ նրա անդամների ներքին խոսակցությունները վերծանելու համար՝ հայտնի չէ:
Աղետի իրական պատճառների մասին պաշտոնական տեղեկատվությունը կարող է հրապարակվել տարիներ անց կամ մնալ չհրապարակայնացված:
Հատկանշական է, որ Ռուսաստանը ոչ Կրեմլի մամուլի քարտուղարի, ոչ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով չի անդրադարձել պետական հեռուստաընկերությանն Իլհամ Ալիեւի հարցազրույցում պաշտոնական Մոսկվայի հասցեին թույլ տրված կոշտ արտահայտություններին:
Ալիեւը, մասնավորապես, օդանավի աղետի մասին ռուսաստանյան կողմի առաջին մեկնաբանությունները «զառանցական» է բնորոշել եւ հատկապես կենտրոնացել ինքնաթիռի սրահում գազաբալոնի պայթյունի մասին տեղեկության «անհեթեթության» վրա:
Նա այդ տեղեկությունները համարել է աղետի իրական պատկերը «նենգափոխելու» փորձ՝ հասկացնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր զանգահարի, ներողություն չէր խնդրի, եթե ինքը հետեւողական եւ վճռական չգտներ:
«Թուրան» գործակալության տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ալիեւի հետ կապվելու փորձ է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, բայց Ադրբեջանի նախագահը հեռապոսազրույցի առաջարկը մերժել է:
Ադրբեջանցի որոշ մեկնաբաններ համոզված են, որ օդանավի աղետը «տեւական ժամանակով կսառեցնի Բաքու-Գրոզնի հարաբերությունները», որ, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, վերջին մի քանի տարիներին առանց այդ էլ բավական բարդ են եղել: Ըստ այդմ, 2018 թվականին, երբ Ռամզան Կադիրովն այցելել է Բաքու, պետք է կատարվեր Ադրբեջանում Չեչնիայի ներկայացուցչության հիմնարկեքի արարողություն, բայց Ալիեւը վերջին պահին արարողությունը չեղարկել է:
Ուշագրավ է, որ, ըստ որոշ աղբյուրների, ուկրաինական ԱԹՍ-երը գրոհել են Գրոզնիի մերձակայքում գտնվող՝ չեչենական «Ահմատ» հատուկ նշանակության զորամիավորման կենտրոնակայանը, սակայն Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին «չի հաջողվում գտնել խոցված ԱԹՍ-ի բեկորները»:
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ պատրաստ է «հետախուզական ամբողջ տեղեկատվությունը փոխանցել Ադրբեջանին»:
Քաղաքական առումով Կիեւի այդ քայլը ոչ միայն հասկանալի, այլեւ տրամաբանական է. Ուկրաինան շահագրգռված է, որպեսզի ռուս-ադրբեջանական հարաբերություններում «սառցե դարաշրջան» սկսվի: Ի՞նչ դիրքորոշում ունի Աստանան: Աղետի ենթարկված օդանավի «սեւ արկղերը» Բրազիլիայի մասնագետների վերծանման թողնելու որոշումը, կարծես, վկայում է, որ Ղազախստանի նախագահը խուսափել է ամբողջական պատասխանատվությունից:
Տոկաեւը կփորձի՞ միջնորդ լինել Պուտինի եւ Ալիեւի միջեւ: Ռուսաստանը քրեական պատասխանատվության կենթարկի՞ Գրոզնիի օդանավակայանի դիսպետչերներին եւ քաղաքացիական օդանավի ուղղությամբ կրակ բացելու հրաման արձակած զինվորականներին: Բաքվի պահվածքից պարզ հասկացվում է, որ Մոսկվային ներկայացվող պահանջներն ամենեւին էլ մարդասիրական կամ «արժանապատվության վերականգնման» մղումների դրսեւորում չէ:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…