Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը երդմամբ կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը եւ կհաստատվի Սպիտակ տանը: Հունվարի լույս մեկի գիշերը Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն առնվազն տասնհինգ մարդու կյանք է խլել, վիրավորների թիվը շուրջ քառասուն է: Դոնալդ Թրամփն ահաբեկչությունն անվանել է «սոսկալի» եւ դեմոկրատներին մեղադրել Միացյալ Նահանգներն աշխարհում «ծաղրուծանակի առարկա դարձնելու» մեջ:
Նա խոստացել է խստացնել միգրացիոն քաղաքականությունը, արտաքսել միլիոնավար ներգաղթյալների:
Կարելի՞ է համարել, որ Նոր Օռլեանի ահաբեկչության կազմակերպիչները Դոնալդ Թրամփին «բարեւագիր» են հղել եւ զգուշացրել, որ իսլամականության, իսլամական աշխարհի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» չհատի: Պատահակա՞ն է, որ Նոր Օռլեանի ահաբեկչությունից մեկ օր անց Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում 450 հազար մարդու մասնակցությամբ բացահայտ կրոնամոլեռանդ հանրահավաք է անցկացրել, որի մասնակիցները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում աղոթելու վճռականություն են դրսեւորել:
Ոչ ոք չի զարմանա, եթե մոտ ապագայում մի բազմամարդ հանրահավաք էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը կազմակերպի: Առիթը կա. լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, եւ ոչինչ չի խանգարի, որպեսզի մի քանի հարյուր հազար ռուսաստանցի էլ քայլերթով մտնի Կարմիր հրապարակ եւ «նեոֆաշիզմին վճռական ոչ» ասի եւ Եվրոպային կոչ անի հարգել խորհրդային ազատարար զինվորի հիշատակը:
Քաղաքականությունը շատ հաճախ կամ գրեթե մշտապես տուրք է տալիս խորհրդապաշտությունը, հիմնական ասելիքը քողարկում «համամարդկային վսեմ գաղափարներով»:
Բայց որքա՞ն է տեւելու գրեթե բոլորի համար ակնհայտ դարձած երեսպաշտությունը: Ամերիկյան մամուլի մի շարք հրապարակումներ, որ թարգմանաբար փոխանցում է inosmi.ru-ն, բացահայտ ակնարկում են, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնելով՝ Դոնալդ Թրամփը «Ռուսաստանին եւ Չինաստանին իրենց ազդեցության գոտիներում հանգիստ կթողնի եւ կկենտրոնանա ԱՄՆ իրական ազդեցության շրջանակը որոշելու վրա»:
Ամերիկացի վերլուծաբանները համարում են, որ Թրամփն արդեն իսկ այդ մասին բարձաձայնել է, երբ Կանադային առաջարկել է ԱՄՆ կազմում 51-րդ նահանգի կարգավիճակ ստանալ, Դանիային՝ վաճառել Գրենլանդիան, իսկ Պանամային սպառնացել է վերատիրանալ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները միացնող ջրանցքին»:
Ճիշտ է, ամերիկացի որոշ լիբերալ շրջանակներ համարում են, որ Թրամփի «աշխարհաբաժանումը» շատ նման է ֆաշիստական Գերմանիայի հետ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի մյունխենյան համաձայնությանը, ինչը Միացյալ Նահանգների նախագահի պատիվ չի բերում, բայց չէ՞ որ ամերիկացիներն իրենց քվեն տվել են նրան, որպեսզի ԱՄՆ-ը «վերագտնի վաղեմի հզորությունը»:
ԱՄՆ ընտրված նախագահն, իրոք, կանգնած է չափազանց բարդ ընտրության առջեւ: Այլեւս ակնհայտ է, որ նա չի կարող կատարել խոստումը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինին համոզել, որ «այդ խելահեղ պատերազմը պետք է կանգնեցվի»:
Մոսկվան արդեն մի քանի անգամ պատասխանը բարձրաձայնել է. «Այո, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց՝ մեր պայմաններով»: Իսկ դա Կիեւի կապիտուլյացիան է, ուկրաինական պետականության լուծարումը, ինչին, ամենայն հավանականությամբ, պետք է հաջորդի Բելառուսի «կամավոր միավորումը»:
Սպասումները, որ Թրամփը «կգա եւ կարգուկանոն կսահմանի», ակնհայտորեն չափազանցված են, եթե չասենք՝ հնարածին:
Հավանականությունը, որ Թրամփը կհամաձայնի ուկրաինական պատերազմը դադարեցնելու Պուտինի պայմաններին, գրեթե զրոյական է:
Ռուսաստանի «վերջնագիրը» մերժում է նաեւ հավաքական Եվրոպան, որտեղ քաղաքականություն որոշելիս Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետի «օպորտունիզմը» որեւէ նշանակություն չունի:
Այս համատեքստում Թրամփի նախագահության երկրորդ շրջանը կարող է ոչ թե մեղմել, այլ գերլարել ռուս-ամերիկյան տարաձայնությունները՝ աշխարհը մոտեցնելով ավելի լայնածավալ պատերազմի:
Որոշ փորձագետներ արձանագրում են անգլո-ամերիկյան մրցակցություն: Թրամփի նախագահության շրջանում Վաշինգտոնը եւ Լոնդոնը կհաղթահարե՞ն «մրցակցային անհամերաշխությունը», թե այն ավելի կխորանա՞: Իսկ եթե Թրամփի «անկանխատեսելիությունը» ներամերիկյան հակասությունների տեղիք տա՞: Նրա որոշ հայտարարություններ նույնիսկ հանրապետական սենատորների քննադատությանն են արժանանում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…