Հունվարի 6-ին Բրազիլիայի ավիացիոն պատահարաների կանխարգելման եւ աղետների հետաքննության կենտրոնը (Cenipa) հայտարարել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի խորտակված օդանավի «սեւ արկղերի» ձայնագրությունների վերծանումն ավարտվել է:
Նման որոշում, ինչպես նախօրեին Իլհամ Ալիեւն է բացահայտել, ընդունվել է ադրբեջանական կողմի պահանջով, որպեսզի «շահերի բախում տեղի չունենա»: Այդուհանդերձ, տեխնիկական միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից մասնագետներ:
Նյութերը, սակայն, տրամադրվել են միայն Ղազախստանին, քանի որ, ըստ ICAO-ի սահմանած կարգի, օդային աղետների հետաքննության եւ վերջնական եզրակացության իրավունք ունի այն երկիրը, որի տարածքում խորտակվել է օդանավը:
Բրազիլիական կողմը հավելյալ մանրամասնություններ չի հայտնել, բացի այն, որ «սեւ արկղերի» ձայնագրությունների հիման վրա տեխնոլոգիական նորագույն միջոցներով «վերականգնվել է օդանավի թռիչքի ամբողջական երթուղին՝ օդ բարձրանալու պահից մինչեւ «կոշտ վայրէջքի» պահը»:
Մասնագետները թերահավատ են, որ օդաչուների եւ ցամաքային ծառայությունների միջեւ խոսակցության ձայնագրությունը կարող է արտակարգ բացահայտումներ անել: Հիմք է ընդունվում այն, որ «արտաքին միջամտության ենթարկվելուց» հետո օդանավի հրամանատարը հայտնել է «թռչունների երամի բախվելու» մասին:
Ադրբեջանական կողմն ասում է, որ օդաչուն «չէր կարող պատկերացնել, որ ենթարկվել է ՀՕՊ համակարգի հրթիռի հարձակման, ուստի ենթադրել է, որ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի»:
Օդանավի անձնակազմի զոհված անդամների հարազատների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը գլխավոր կասկած է համարել այն, թե ինչու՞ Գրոզնիի օդանավակայանը չի փակվել, եթե հայտնի էր, որ ՀՕՊ-ն աշխատում է ուկրաինական ԱԹՍ-երի դեմ եւ ինչու՞ Դոնի-Ռոստովի դիսպետչերական կենտրոնը ցուցում է տվել, որ ինքնաթիռն ուղղություն վերցնի դեպի Ղազախստանի Ակթաու քաղաքի օդանավակայանը:
Ադրբեջանցի փորձագետները մինչ այդ ուշադրություն են հրավիրել այն իրողության վրա, որ Գրոզնիի մերձակայքում մի քանի օդանավակայաններ կան, որ կարող էին ընդունել վթարային վայրէջքը:
Բաքուն, այսպիսով, բացահայտ կասկածում է, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված չէր, որ օդանավը բարեհաջող վայրէջք կատարի: Որոշ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ Ռուսաստանը «միտումնավոր է վնասված ինքնաթիռն ուղղորդել դեպի Ակթաու՝ հույս ունենալով, որ այն Կասպից ծովը չի հատի, աղետը տեղի կունենա մինչ այդ, եւ ծովը կպարտակի աղբերգության գաղտնիքները»:
Աղետի ենթարկված օդանավի «սեւ արկղերի» ձայնագրությունների վերծանումը հավելյալ պարզություն կմտցնի՞: Իլհամ Ալիեւն ասել է, որ դրանից հետո «ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Նա Ռուսաստանից պահանջում է բացահայտել բոլոր մեղավորներին եւ ենթարկել քրեական պատասխանատվության:
Որոշ տեղեկություններ կան, որ ադրբեջանական օդանավի աղետի պատճառը Չեչնիայի իշխանությունների «չհիմնավորված որոշումն է»: Ի՞նչ կարելի է հասկանալ այդ ձեւակերպումից՝ մեկնաբանությունները կարող են տարբեր լինել:
Փաստ է, որ Իլհամ Ալիեւը հրաժարվել է Չեչնիայի ղեկավար Կադիրովի հետ հեռախոսազրույցից: Դա նշանակում է, որ նա Կադիրովի հանդեպ հիմնավոր կասկածներ ունի:
Այս խառը պատկերին հավելյան ինտրիգ է հաղորդում ադրբեջանական որոշ աղբյուրների տեղեկատվությունը, որ աղետի պահին օդում է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւի ինքնաթիռը: Նա մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնած՝ ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ըստ լուրերի, Ալիեւին հենց օդանավում են զեկուցել պատահարի մասին եւ նա Բաքու վերադառնալու որոշում է կայացրել:
Նման պատահական զուգանդիպություններ, որպես կանոն, չեն լինում: Ավելի վաղ Իլհամ Ալիեւը եւ Ռամզան Կադիրովը շատ ջերմ հարաբերություններ են ունեցել: Մի քանի տարի առաջ Գրոզնիում բացվել է Հեյդար Ալիեւի անվան զբոսայգի, տեղադրվել նրա հարթաքանդակային կիսանդրին:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Բաքվում պետք է բացվի Չեչնիայի հանրապետության ներկայացուցչություն:
Ըստ երեւույթին, Կադիրով-Ալիեւ հարաբերություններում «ճեղքվածք է առաջացել»: Երկուսն էլ բռնապետական հակումներ եւ արտերկրում «ֆինանսական կայսրություններ» ունեն:
Բացառված չէ, որ նրանց բիզնես-շահերն ինչ-որ տեղ, ամենայն հավանականությամբ՝ Պարսից ծոցի արաբական երկրներում, բախվել են:
Ռուսաստանի նախագահ Պուտինը փորձե՞լ է հարթել տարաձայնությունները, թե նրան ձեռնտու է, որ Ալիեւը եւ Կադիրովը «արյան թշնամիներ դառնան»:
Այս եւ խորքային բազմաթիվ հարցերի պատասխան, իհարկե, խորտակված օդանավի «սեւ արկղերի» ձայնագրությունը չի տա: Բայց դրանից չի հետեւում, թե օդային աղետի բոլոր պատճառները կհրապարակայնացվեն կամ «բացահայտումը» կմեղմի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառնությունը:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…