Հունվարի 25-ին Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյդ Ջաֆար Աղայի Մարիանը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան «իշխանական շրջանակներին մոտ ԶԼՄ-երում հակաադրբեջանական բացահայտ քարոզչություն ծավալելու առթիվ վճռական բողոք է հայտնվել»:
Պաշտոնական հաղորդագրությունը չի ընդգծում, թե խոսքն իրանական ո՞ր լրատվամիջոցներում հրապարակված «հակաադրբեջանական նյութերի» մասին է, փոխարենը հարեւան երկրի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին ԱԳՆ հրավիրելու բուն պատճառը բավական թափանցիկ ներկայացված է:
Իսլամական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրվել է Արդեբիլի իմամ Սեյիդ Հասան Ամելիի կողմից Ադրբեջանի եւ նրա ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու փաստի վրա եւ ընդգծվել, որ «ներողություն խնդրելու փոխարեն Իրանում ի պաշտպանություն իմամ Ամելիի լայն քարոզչություն է իրականացվում, որին մասնակցում են մի շարք կրոնական գործիչներ, այդ թվում՝ Ղազվինի իմամը»:
Արդեբիլի իմամ Սեյիդ Հասան Ամելին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին անցյալ տարեվերջին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անվանել է «ջհուդների ծառա» եւ հայտարարել, որ Շահ Իսմայիլի քաջարի հետնորդները «պատրաստ են Բաքուն ազատագրել ջհուդական գերությունից եւայնտեղ բարձրացնել Իրանի դրոշը»:
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ իմամ Ամելիի այդ հայտարարությանը եւ պնդել, որ սպասում է իրանական կողմի ներողությանը, ոչ թե՝ ԱԳՆ «ոչինչ չասող մեկնաբանությանը»:
Ալիեւը թույլ է տվել այպիսի արտահայտություն. «Մենք գիտենք, թե նրան (իմամ Ամելիին) ով է նշանակում»:
Իմամ Ամելին Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչն է, նշանակված է նրա կողմից: Ադրբեջանի նախագահի վերաբերյալ ձեւակերպումից հասկացվում է, որ նա «ներողություն» է սպասում Իրանի հոգեւոր առաջնորդից, քանի որ իրեն «ջհուդների ծառա» նա է անվանել: Հակառակ դեպքում Ամելին ոչ թե հանրային-քաղաքական աջակցության, այլ՝ պարսավանքի եւ, գուցե, պաշտոնանկման կարժանանար:
Չափազանց ուշագրավ է, որ Իսլամական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի Թեհրան այցից, կողմերի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, որի արդյունքներից Թեհրանը եւ Բաքուն գոհունակություն են հայտնել:
Մուստաֆաեւը Թեհրանում նաեւ պաշտոնական բարձր մակարդակի ընդունելության է արժանացել. նա հանդիպումներ է ունեցել նախագահ Փեզեշքիանի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի հետ: Այդ ընթացքում Արդեբելի իմամ Ամելիի հայտարարությունները քննարկվե՞լ են: Տարածված պաշտոնական տեղեկատվություններում նման ակնարկ իսկ չկա:
Կարելի՞ է ենթադրել, որ Մուստաֆաեւը Թեհրան է մեկնել նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենիի կողմից ընդունելության ակնկալիքով կամ, գուցե, նախնական պայմանավորվածություն եղել է, բայց Խամենեին վերջին պահին հրաժարվել է նրան ընդունել: Խամենեի-Մուստաֆաեւ հանդիպումն, ըստ էության, կնշանակեր կամ առնվազն կընկալվեր այնպես, որ Իրանի հոգեւոր առաջնորդն Ադրբեջանի նախագահից «ներողություն է խնդրում»: Թերեւս նման թյուրըմբռնման տեղիք չտալու համար էլ Խամենեին Մուստաֆաեւին չի ընդունել:
Իրանի հոգեւոր առաջնորդի դեմ ադրբեջանական կոշտ դեմարշը հաջորդում է Դավոսում Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որ, ինչպես Բաքվի մամուլն է տեղեկացրել, կայացել է «հակառակ կողմի առաջարկությամբ»: Իսկ գուցե «հակաադրբեջանական քարոզչությանը» Թեհրանում «զարկ են տվել» հենց Հերցոգ-Ալիեւի դավոսյան բանակցությունների՞ պատճառով: Այդ տրամաբանությամբ Ալիեւը երբեք Իրանի հոգեւոր առաջնորդի «ներողությանը» չի արժանանա: Նա, անկասկած, դա գերազանց գիտի: Եւ եթե գնում է հարաբերությունների սրացման, ուրեմն այդպես է հրահանգավորված: Ու՞մ կողմից:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…