Հունվարի 29-ին Ադրբեջանում անկացվել են մունիցիպալ ընտրություններ: Սահմանադրության համաձայն դրանք պետք է կայանային անցյալ տարվա նոյեմբերին: Իշխանությունները, սակայն, պատճառաբանել են, որ Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքները կարող են խոչընդոտել ընտրությունների անցկացմանը:
Օրենքով մունիցիպալիտետը համարվում է տեղական ինքնակառավարման մարմին, որ ունի ղեկավար եւ խորհրդակցական մարմին, որ իրավասու է կարգավորել տեղական նշանակության հարցեր: Գործնականում մունիցիպալ ինքնակառավարումը կրում է ձեւական բնույթ, քանի որ փաստացի ենթարկվում է գործադիր իշխանության լիազոր ներկայացուցչին, որ նշանակվում է քաղաքային կամ շրջանային ղեկավարի կողմից, իսկ վերջինս ուղղակի ենթարկվում է նախագահին:
Ադրբեջանի սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, նա էլ ձեւավորում է ուղղահայաց ենթակայության համակարգ: Մունիցիպալ ինքնակառավարումը պարզապես ցուցանակ է, որ Ադրբեջանը սահմանել է Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո՝ որպես ստանձնած պարտավորությունների կատարման վկայություն:
Հունվարի 29-ի ընտրություններին, ըստ Ադրբեջանի ԿԸՀ նախնական տվյալների, մասնակցելու գրանցված ընտրողների ընդամենը 27 տոկոսը: Անկախ աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ուռճացված է: «Թուրան» գործակալության թղթակցի վկայությամբ՝ Բաքվի բոլոր ընտրատեղամասերում հանդիպել է միայն հանձնաժողովի անդամներին:
Այդ վկայությունը հաստատող տեսանյութեր հայտնվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տրամադրության տակ: Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը կասեցված է: Ադրբեջանական ծառայությունը գործում է Պրահայից եւ հավաստիացնում, որ տեսագրություններ է ստացել Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում իր վստահելի աղբյուրներից:
Ավելի ազդեցիկ բացահայտում է արել Եվրոպայում գործող MeydanTV առցանց լրատվամիջոցը, որի հավատարիմ հետեւորդները հասցրել են Բաքվի մի քանի ընտրատեղամասերում լուսանկարել քվեատուփեր, որտեղ հայտնվել են կալանավորված լրագրողների լուսանկարներ, իսկ տասնյակ քվեաթերթիկների վրա մարդիկ թողել են «Ազատություն MeydanTV-ին» բովանդակությամբ գրառումներ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ այդ տեղամասերում ընտրական հանձնաժողովի նախագահները «սարսափահար զանգել են ոստիկանություն», որտեղիղ անմիջապես ներկայացել են ՆԳՆ աշխատակիցներ եւ կազմել համապատասխան արձանագրություն: Ոստիկանները խոչընդոտել են լրագրողներին՝ թույլ չտալով, որ տեսագրեն կամ լուսանկարեն միջադեպի մանրամասնությունները: Ակցիայի մի քանի մասնակիցներից առգրավվել են բջջային հեռախոսները, ստուգվել են հավելվածները, առկա նյութերը՝ ջնջվել:
Օրենքով մունիցիպալ ընտրությունների կայացման համար մասնակցության շեմ սահմանված չէ: Ադրբեջանի ԿԸՀ-ն, բնականաբար, պաշտոնապես հայտարարելու է, որ բոլոր մունիցիպալիտետներում ընտրվել են նոր նախագահ եւ խորհրդի անդամներ: Բայց եթե գրանցված ընտրողների միայն տասը-տասնհինգ տոկոսն է մասնակցել քվեարկությանը, փաստացի գործ ունենք հանրային բոյկոտի հետ:
Դիտարժան է, որ քաղաքական ոչ մի ուժ մունիցիպալ ընտրություններին ոչ մի կերպ չի ներգրավվել, թեման նույնիսկ մամուլում չի շրջանառվել: Գրեթե նույն մթնոլորտում են անցել նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ըստ տեղեկությունների, Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որ ենթադրաբար հանրաքվեի կդրվի աշնանը: Հանրային ապատիայի եւ քաղաքական բոյկոտի պայմաններում սահմանադրական հանրաքվեն կարող է խնդրահարույց լինել:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…