Բաքվում «Ռոսոտրուդնիչեստո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործող gafgazinfo առցանց լրատվամիջոցը սենսացիոն տեղեկություն է տարածել: Ըստ այդմ, Ռուսաստանի այդ պետական գործակալության ադրբեջանական մասնաճյուղն իրոք զբաղվել է լտեսական գործունեությամբ: Այդ աշխատանքները համակարգել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԳԱԱ նախկին նախագահ Ռամիզ Մեհթիեւը, Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը եւ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջին երկուսը համեմատաբար երիտասարդ են, ծառայողական եւ պաշտոնեական առաջխաղացում են ունեցել Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին: Ռամիզ Մեհթիեւը, մինչդեռ, այսպես ասած՝ «հին գվարդիայի» ներկայացուցիչ է: Վաղ երիտասարդության տարիներին նա նկատվել է Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ Հեյդար Ալիեւի կողմից, նշանակվել կոմերիտական աշխտանքի, գլխավորել ԼԿԵՄ Նախիջեւանի մարզկոմը, ապա աշխատանքի անցել կոմկուսի կենտկոմում, որտեղ գաղափարական բաժնի դասախոսի պաշտոնից հասել է կազմակերպչական բաժնի պետի պաշտոնին:
Երիտասարդ սերնդին այդ կարգավիճակը ոչինչ չի ասում, բայց տարեցները, որ ապրել են ԽՍՀՄ օրոք, գիտեն, որ կենտկոմի կազմակերպչական բաժինը վերահսկել է կադրային բոլոր նշանակումները, գլխավորել ողջ ապարատային աշխատանքը: Այդ պաշտոնին պատահական մարդ չի նշանակվել: Հեյդար Ալիեւի Մոսկվա տեղափոխվելուց հետո Մեհթիեւը նշանակվել է կենտկոմի քարտուղար՝ վերահսկելով գիտությունը, կրթությունը, մամուլը, հեռուստատեսությունը, գրահրատարակչությունը: Այդ պաշտոնից նա ազատվել է 1988թ. մայիսին, երբ կենտկոմի առաջին քարտուղար է նշանակվել Հեյդար Ալիեւի ոխերիմ հակառակորդ Աբդուռահման Վեզիրովը:
Մեհթիեւին գիտա-կրթական ասպարեզից կրկին քաղաքական-պետական կյանք է վերադարձրել արդեն անկախ Ադրբեջանի նախագահ ընտրված Հեյդար Ալիեւը՝ 1994թ. դեկտեմբերին նրան նշանակելով աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետ, մեկ տարի անց՝ ղեկավար: Այդ պաշտոնում Ռամիզ Մեհթիեւը Հեյդար եւ Իլհամ Ալիեւներին ծառայել է մինչեւ 2019թ. հոկտեմբեր: Նա պաշտոնից հեռացել է՝ արժանանալով Ադրբեջանի բարձրագույն պարգեւի՝ «Հեյդար Ալիեւ» շքանշանի եւ նույն օրն էլ «ընտրվել» Գիտությունների ակադեմիայի նախագահ ու պաշտոնավարել մինչեւ 2022 թվականը:
Մեհթիեւն, իհարկե, ունեցել է Մոսկվայի «գորշ կարդինալի» համարում: Բայց ինչպե՞ս կարող էր ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ Հեյդար Ալիեւը վրիպել, չնկատել, որ իր աշխատակազմի ղեկավարը Բաքվում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ռեզիդենտն է, լրտեսական ցանց է գլխավորում: Ասել, թե Հեյդար Ալիեւը «պարզապես վստահել է» եւ Մեհթիեւի նկատմամբ հսկողություն չի իրականացրել, կնշանակի Մերձավոր Արեւելքում ԽՍՀՄ ՊԱԿ-ի ռեզիդենտ Հեյդար Ալիեւին «հիմարի» տեղ դնել: Մնում է ենթադրել, որ Հեյդար Ալիեւն ինքը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ռեզիդենտն է եղել Ադրբեջանում եւ «սեւ գործը» հանձնարարել է աշխատակազմի ղեկավարին:
Խորհրդային ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ Հեյդար Ալիեւը քաղաքականություն վերադարձի, Ադրբեջանում օ-իշխանության եւ ահռելի հարստության վերատիրանալու համար, ինչ խոսք, առաջին հերթին պարտական է Ռուսաստանի հատուկ ծառայություններին եւ պետք է վարձահատույց լիներ: Բայց չէ՞ որ Իլհամ Ալիեւը 2003 թվականին փոխարինել է հորը եւ կարող էր առաջին իսկ հրամանագրով թոշակի ուղարկել Ռամիզ Մեհթիեւին կամ արտաքին գործերի նախարար չնշանակել Էլմար Մամեդյարովին, կամ հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնը չվստահեր այդ բնագավառում մեկօրյա փորձ իսկ չունեցող Էլդար Մահմուդովին:
Այդ նշանակումներով նա Ռուսաստանին վարձահատու՞յց է եղել: Շատ հավանական է, որովհետեւ ադրբեջանական անկախ աղբյուրները վկայում են, որ Հեյդար Ալիեւը չի հասցրել ստորագրել Իլհամ Ալիեւին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, այն կեղծված է: Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը չի ճանաչել Իլհամ Ալիեւի վարչապետի պաշտոնում նշանակումը: Սահմանադրությամբ նախագահը կարող է վարչապետ նշանակել միայն Միլլի մեջլիսի համաձայնությունն ստանալուց հետո: Իլհամ Ալիեւը նման ընթացակարգ չի անցել եւ համարվում է ուզուրպատոր: Բայց ինչու՞ է նաեւ ենթակա լրատվամիջոներով Մեհթիեւի, Մահմուդովի եւ Մամեդյարովի «լրտեսական գործունեության» մասին արտահոսք կազմակերպում: Իսկ եթե դա մեկ այլ անձ է կազմակերպու՞մ եւ ավելի սրում Մոսկվա-Բաքու հակասություննե՞րը: Ո՞վ է նա: Մեհրիբան Ալիեա՞ն:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…
Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…