Լրահոս 24/7

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիեւի ստորագրությամբ գրություն, որով վարչապետ Ալի Ասադովին տրվում է միջազգային մի քանի կազմակերպությունների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ «ձեռնարկել գործուն քայլեր»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն, ընդսմին, հավելել է, որ նույն բովանդակությամբ գրություն ուղարկված է նաեւ արտաքին գործերի նախարարությանը:

Ըստ փաստաթղթի, Ադրբեջանում գործունեությունը պետք է դադարեցնի նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիտեն: Ադրբեջանի իշխանությունները միջազգային կազմակերպությունների նկատմամբ միշտ են վերապահ եւ կասկածամիտ վերաբերմունք ունեցել: Ակնհայտ է, որ այդ քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ինչպես նաեւ ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ, որոնց հետ հաղորդակցության միակ միջոցը ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելություններն են:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի գրությունը սոցիալական ցանցերում տարածվել է մի փուլում, երբ Բաքվում ընթանում է ԼՂՀ նախկին նախագահների եւ այլ պաշտոնյաների «դատավարությունը», մամուլում տարածվում են տեսանյութեր եւ լուսանկարներ, որ վկայում են նրանց նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունները:
Բացառված չէ, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին հաջողվել է հայ քաղբանտարկյալների հետ հանդիպումներից այնպիսի տեղեկատվություն փոխանցել կազմակերպության կենտրոնական գրասենյակ, որ Ադրբեջանի իշխանություններին կարող է «տհաճություն» պատճառել, ուստի կառավարությանը հրահանգվում է «ձեռնարկել գործուն քայլեր», որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հետագա միջամտությունը կանխվի:

Որքանո՞վ է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի դեմ ձեռնարկվող արշավը հակասում Ադրբեջանի միջազգային պարտավորություններին՝ միջազգային քաղաքականության ներկայիս «անցումային փուլում» հազիվ թե լայն քննարկման առարկա դառնա: Բաքվում, ըստ երեւույթին, հաշվարկել են, որ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմը նման «մանրուքների» վրա ուշադրություն չի դարձնում, իսկ եվրոպական երկրների քննադատությունը գործնական որեւէ հետեւանք չի ունենում:

Դժվար է կանխատեսել, թե Ադրբեջանի կառավարությունը ստացած հանձնարարականը կատարելու ի՞նչ ժամանակ եւ ինչպիսի՞ միջոցներ կընտրի կամ որքա՞ն կտեւի ԿԽՄԿ-ի գրասենյակի գործունեության կասեցման հետ կապված «քաշքշուկը»: Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետեւողականորեն մեկուսանում է միջազգային կազմակերպություններից եւ ավելի կոշտացնում ներքին քաղաքականությունը:

Տարեսկզբից Ադրբեջանում եւս մոտ մեկ տասնյակ լրագրողներ են ձերբակալվել, որ մեղադրվում են արտարժույթի մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ: Նրանցից մեկին հաջողվել է քննչական մեկուսարանից գրություն փոխանցել, որտեղ նկարագրվում են բանտային պայմանները եւ բարքերը:

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպությունների, ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցմամբ Ադրբեջանն ի՞նչ ուղերձ է հղում արտաքին աշխարհին: Իլհամ Ալիեւը հասկացնում է, որ միջազգային մարդասիրական իրավունքն իր համար արժե՞ք չունի: Դա մարտահրավե՞ր է, թե՞՝ «գործարքի առաջարկություն»: ՄԱԿ-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գործունեություն ծավալելու ի՞նչ շահագրգռվածություն ունեն: Հնարավո՞ր է, որ ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ «դատավարությունն օրինականացնելու» համար Ադրբեջանի նախագահն առաջնորդվում է «ամենալավ պաշտպանությունը գրոհն է» սկզբունքով եւ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԿԽՄԿ-ն որեւէ «արտահոսք թույլ չտա»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

6 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

6 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

7 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

7 hours ago

Իտալիան փոխում է կուրսը. ատոմակայաններ կկառուցվեն երկրում

Իտալիան երկրում միջուկային էներգիայի դադարեցումից գրեթե երեք տասնամյակ անց այն վերադարձնում է երկիր։ Կառավարությունը մտադիր…

7 hours ago