Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց, որ 2016 թվականի ամռանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մի խումբ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է՝ եթե ղարաբաղյան կարգավորման միջնորդությունը մերժվի, ապա «Ղարս-Ղարս երգելու փոխարեն Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու»:
Եթե հավատանք մի քանի վստահելի աղբյուրների, իսկ հակառակը չենք կարող պնդել, Երեւանի ՊՊԾ գնդի գրավման լուրը Սերժ Սարգսյանն ստացել է, երբ դեռ Ստեփանակերտում էր: Իսկ մեկ օր առաջ Հայաստանի եւ Արցախի մի խումբ քաղաքական, հանրային գործիչներ, մտավորականներ, նրանցից շատերն այսօր, փառք աստծո, ապրում են եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ կուսակցության դեմ եռանդուն գործունեություն են ծավալում, հավաքվել էին Շուշիում եւ մի փաստաթուղթ հրապարակել, որով պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել նրան, ով կհամարձակվեր խոսել ԼՂ շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին: Նրանք հայտարարել էին, որ Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքների եւ ոչ մի թիզը վերադարձի կամ այլ ձեւով օտարման ենթակա չէ:
Արթուր Թովմասյանի բացահայտումից հասկացվում է, որ Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրեթե նույնն են ասել: Այլապես նա չէր զգուշացնի Ստեփանակերտը երբեւէ կորցնելու սպառնալիքի մասին: Հստակ է, որ եթե Սերժ Սարգսյանը տվյալ պահի իրավիճակը պատգամավորներին ներկայացրել է այդ կտրվածքով, ապա շատ ավելին ասել է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝ նախագահին, վարչապետին, ուժային կառույցների ղեկավարներին:
Ի՞նչ հետեւեց Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնությանը: Ստեփանակերտում մշակվեց քաղաքական խոսքի մատրիցա, ըստ որի ԼՂ հարցի «մադրիդյան սկզբունքներով կարգավորումը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ կբերի, որ Ադրբեջանը կսկսի իր համար ավելի նպաստավոր դիրքերից»: Ինչի՞ հասցրեց այդ «մարգարեությունը»՝ հիշելն անգամ չափազանց ցավոտ է:
Եթե խորքով գնահատելու լինենք հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» մասին Հայաստանի ընդդիմության կեցվածքը, ապա դա նույնն է, ինչ Ստեփանակերտում ասվում էր «մադրիդյան սկզբունքներով» ղարաբաղյան կարգավորման հարցով: Խորհրդարանում եւ նրանից դուրս գործող ընդդիմությունը փորձում է հանրությանը ներշնչել, որ պայմանագիրը «Հայաստանի ավելի խորքային եւ ընդգրկուն կապիտուլյացիան է, որ Ադրբեջանին թույլ կտա ոչ միայն այսօրվա պահանջները բավարարել, այլեւ հետագա էքսպանսիայի հիմքեր ստեղծել»:
Առհասարակ, որքան էլ ցավալի չհնչի, անցած երեսունհինգ տարիներին Հայաստանի համար ավելի առարկայական է եղել ոչ այնքան արտաքին, որքան՝ ներքին սպառնալիքը, որ դրսեւորվել է ռազմա-քաղաքական իրողությունների նկատմամբ ազգային գաղափարախոսության եւ պատմական արդարության քարոզչության գերակայությամբ:
Այդ «հոգեւոր-գաղափարական միջավայրը» մշտապես կաշկանդել է իշխանություններին, սահմանափակել որոշում կայացնելու լիազորությունները: Հայաստանում այսօր ամենատարածված խոսույթը «համաձայնեցված տեքստի հրապարակման պահանջն է»: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում՝ հասկանալի է: ՀՅԴ ներկայացուցիչն, օրինակ, ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է «Արցախի հարցի իրավական փակում»:
Որքանո՞վ այդ նարատիվը հանրայնորեն ընկալելի կլինի՝ այլ հարց է: Ընդդիմությանը մի բան է հետաքրքրում՝ հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ քարոզչությամբ հնարավո՞ր է «կրիտիկական զանգված» համախմբել եւ իշխանափոխություն իրականացնել: Հայաստանի լրջագույն մարտահրավերը դա է, որովհետեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն արդեն ասել է, որ Երեւանում «ռեւանշիստական ուժերի համախմբում է տեղի ունենում»:
Հակառակորդի ասածը պետք է հասկանալ այն իմաստով, որ դա հենց Բաքվի ցանկությունն է, որովհետեւ եթե Երեւանում հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման դեմ շարժում սկսվի, ապա պայմանավորվածությունից հրաժարվելու հարցում Բաքուն «ձեռքերը լվանալու» գերազանց առիթ կունենա: Քաղաքական անիմաստ աղմուկը ժամանակին կաթվածահար արեց ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը, որ Ադրբեջանի մեծագույն ցանկությունն էր: Հայաստանի մարտահրավերն Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման շուրջ նույնանման «աղմուկի» գեներացումն է: Այն պետք է կասեցվի:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…