«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում է դատական համակարգը, որպեսզի ճնշի ժողովրդի կամքը»,- մարտի 19-ին այս բովանդակությամբ անգլերենով գրառում է հրապարակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Ինչպես իսրայելական աղբյուրներն են հայտնում, կարճ ժամանակ անց այն հեռացվել է, ապա կրկին տեղադրվել, բայց՝ եբրայերեն տարբերակով:
Լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել, որ Նաթանյահուի գրառմանն ի պատասխան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի գրասենյակը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Իսրայելի անկախ եւ ուժեղ դատական համակարգը մեր ժողովրդավարության արժեքն է, եւ նախագահը հպարտ է նրանով»:
Հայտնի է, որ Բենիամին Նաթանյահուն անցնում է միանգամից չորս քրեական գործով եւ անձամբ դժգոհ է ոստիկանությունից եւ հատկապես ՇԱԲԱԿ-ից, որի աշխատակիցներն, իբր, «բռնություն են գործադրում պետական ծառայողների նկատմամբ եւ վարչապետի դեմ ցուցմունքներ կորզում»: Այս հողի վրա ծայրահեղ լարված են Նաթանյահուի եւ ՇԱԲԱԿ-ի տնօրեն Բարի հարաբերությունները: Առաջիկա օրերին կառավարությունը պետք է քննարկի Բարին անվստահություն հայտնելու եւ պաշտոնանկ անելու հարցը:
Պարզվում է, ՇԱԲԱԿ-ի տնօրենը Նաթանյահուի մոտ «հետեւողականորեն կորցրել է վստահությունը», քանի որ, ինչպես հայտնի է դարձել մամուլին, Ռոնեն Բարը «դեմ է Գազայում պատերազմը շարունակելու ծրագրին եւ պահանջում է ստեղծել անկախ հանձնաժողով, որպեսզի հետաքննվեն հոկտեմբերի 7-ի ողբերգության բոլոր պատճառները»:
Իսրայելի նախագահ Հերցոգը մարտի 20-ին ուղիղ եթերում դիմել է ժողովրդին եւ բավական կոշտ քննադատության ենթարկել վարչապետ Նաթանյահուին: Հրեական պետության ղեկավարն, ըստ էության, նույնպես դեմ է արտահայտվել Գազայում ռազմական գործողությունների վերսկսմանը: Նա, չմատնանշելով Նաթանյահուին, կառավարությանը հորդորել է ոչ թե «խորքային պետություն փնտրել եւ հազարավոր պաշտոնյաների հետապնդել, այլ վերջ տալ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառնվածների հարազատների տառապանքին»:
Հերցոգի բնորոշմամբ՝ հրեական հանրությունն այսօր մասնատված է, ինչը վտանգում է պետության կենսունակությունը: Վերադարձնելով պատանդներին եւ հետաքննելով աղետի պատճառները, կառավարությունը պարտավոր է «համերաշխություն եւ Իսրայելի պետության նկատմամբ համազգային սեր հաստատել»: Հասկացվում է, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում Երուսաղեմի ինչպես իշխող վերնախավում, այնպես էլ քաղաքական լայն շրջանակներում կոնսոլիդացիա չկա:
Ըստ էության, քաղաքական վերլուծաբանները վաղուց էին հասկացնել տալիս, որ իսրայելական հանրության մի շատ զգալի մասը պերմանենտ պատերազմից եւ հարձակման ենթարկվելու մշտական զգացողությունից հոգնել է: Նաթանյահուի ընդդիմախոսներն ավելի հեռուն են գնում եւ ընդհանրացնում, որ նա «պատերազմը շարունակում է, որպեսզի մնա իշխանություն»: Երեւում է, նույն տեսակետին է հանգել նաեւ Իսրայելի նախագահ Հերցոգը: Այս ֆոնին ուշագրավ է, որ, չնայած լայն անոնսավորմանը, առայժմ տեղեկություն չկա, թե Երուսաղեմում ինչ մակարդակի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, որ մարտի 17-ին մեկնել էր Իսրայել:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…
Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…