

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:
Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու մեր համագործակցությունը և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:
Կողմերը երկուստեք ընդգծել են, կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…