Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն են ունեցել», երկու երկրների հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այդ մասին գրել է «Եդիոտ ախրոնոտի» մեկնաբանը՝ հղում անելով հրեական պետության «հատուկ ծառայություններից մեկի ինքնությունը վկայակոչել չցանկացած աղբյուրին»: Նման դեպքերում, որպես կանոն, մամուլին տեղեկատվական արտահոսք տալիս են տվյալ երկրի իշխանությունները:
Ըստ հեղինակի, Երուսաղեմում խիստ անհանգստացած են, որ բանակցությունների մեկնարկի օրը Թուրքիայի վերլուծաբանական կենտրոններից մեկի ղեկավար Հաքան Բայրաքչին CNN Turk-ի եթերում հայտարարել է, որ եթե թուրքական բանակը ցանկանա, ապա «72 ժամում կարող է մտնել Թել-Ավիվ»: Վերլուծաբանն ավելացրել է, որ դա ոչ չափազանցություն է, ոչ՝ սպառնալիք, այլ ընդամենը «Թուրքիայի եւ նրա բանակի զսպիչ ուժի փաստարկում»: Իսրայելցի մեկնաբանի գնահատմամբ՝ Երուսաղեմում զգուշացած են, որ Թուրքիան մտադրվել է տարածաշրջանում ձեւավորել «սուննիական առանցք», որին կարող են մաս կազմել Սիրիան, Հորդանանի «մուսուլման եղբայրները», Գազան, Հորդանանի արեւմտյան ափը, ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական ջիհադը»: Աղբյուրը տեղեկացրել է, որ կողմերն առայժմ «չափազանց հեռու են քաղաքական հարցերի քննարկումից, ընդամենը փորձում են կապի «կարմիր գիծ» ստեղծել, որպեսզի հավանական բախումները ժամանակին կանխվեն»: Խոսքը, բնականաբար, վերաբերում է Սիրիայի տարածքում գտնվող իսրայելցի եւ թուրք զինվորականների միջեւ վստահելի կապի ստեղծմանը: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա իսրայելցի մեկնաբանը բացահայտում է, որ Նաթանյահուն փաստացի առաջարկում է Սիրիան «ոչ պաշտոնապես բաժանել ազդեցության գոտիների»: Նրա տեղեկացվածությամբ՝ առաջարկվում է, որ Սիրիայի արեւելքը մնա Միացյալ Նահանգների, արեւմտյան ծովափը, այսինքն՝ Լաթաքիան եւ Տարտուսը՝ Ռուսաստանի հովանու ներքո, հյուսիսում հաստատվի Թուրքիան, Դամասկոսից հարավ տարածքներում՝ Իսրայելը, իսկ կենտրոնական հատվածն անցնի ալ-Շարաայի կառավարության ենթակայությանը:
Իսրայելի վարչապետի կարծիքով՝ այդ սխեման կգործի այնքան, մինչեւ Սիրիան կունենա կենտրոնական ուժեղ եւ երկրի բոլոր էթնիկ ու կրոնական խմբերը ներկայացնող կառավարություն:
«Իսկ դա կարող է տասնամյակներ տեւել»,- ամփոփել է «Եդիոտ ախրոնոտի» մեկնաբանը, որի հոդվածն ռուսերեն թարգմանությամբ տարածել է vesty.go.il կայքը:
Այս հրապարումը կարեւոր է այն ֆոնին, որ Բաքվի լրատվամիջոցներն են ձեւավորում իսրայելա-թուրքական բանակցությունները հյուրընկալելու շուրջ: Վերլուծաբանը, կարծես, օգտվել է բավական վստահելի աղբյուրներից եւ նրա ներկայացրած պատկերը թվում է իրականությանը շատ մոտ: Մանավանդ որ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Իսրայելի վարչապետը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի հետ բանակցություններում միջնորդելու պատրաստակամություն է հայտնել: Ադրբեջանական քարոզչությունն, իհարկե, ոչինչ չի խնայում եւ ոչ մի հնարքից չի խորշում՝ տպավորություն ստեղծելու, որ իսրայելա-թուրքական «հաշտեցման գլխավոր դերակատարն Իլհամ Ալիեւն է»: Բաքվում նույնիսկ բացարձակ անհեթեթություն են թույլ տվել՝ ապրիլի 10-ին հրապարակելով Նավրուզի առթիվ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իլհամ Ալիեւին հղած շնորհավորական նամակը: Դա, ըստ երեւույթին, արվել է, որպեսզի հրապարակայնացվի Թրամփի այն միտքը, որ Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ դաշնակից Իսրայելի հետ: Պաշտոնական Երուսաղեմը, մինչդեռ, Ադրբեջանի նախագահին ընդամենը շնորհակալություն է հայտնել Բաքվում իսրայելա-թուրքական «հանդիպում կազմակերպելու համար»: Իսրայելա-թուրքական հակասությունները չափազանց խորքային են, որպեսզի կարգավորումը «տրվի» Ադրբեջանի նախագահի միջնորդությանը:
Ըստ երեւույթին, Սիրիայի խնդիրը մի փուլում ներառնվելու է ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում, հնարավոր է՝ նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներում: Թուրքիան, ինչպես դիպուկ արձանագրել է «ԵԴիոտ ախրոնոտի» մեկնաբանը, փաստացի ձգտում է Մերձավոր Արեւելքի իրանական շիադավան «աղեղի» փոխարեն ստեղծել «սուննիական առանցք», որն Իսրայելի համար նվազ սպառնալիք չէ: Անկարայի այդ ձեռնարկումները հղի են նաեւ տարածաշրջանում շիադավան եւ սուննի երկրների միջեւ լարվածության սպառնալիքով: Միացյալ Նահանգների նախագահի համար, ըստ էության, ստեղծվում է եւս մեկ լրջագույն խնդիր:
Որքանով հասկացվում է՝ Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին համոզել, որ սահմանափակ զորախումբը դուրս բերի Սիրիայի արեւելքից, Իսրայելը հակառակն է պնդում: Լաթաքիայում եւ Տարտուսում Ռուսաստանի ներկայությունը Թուրքիային ոչ մի առումով ձեռնտու չէ, իսկ Իսրայելը, պարզվում է, կողմ է, որ ռուսական ռազմահենակայանները մնան: Ի վերջո, Սիրիայից «մասնաբաժին» կարող են պահանջել նաեւ Հորդանանը եւ Իրաքը: Ամենայն հավանականությամբ, ճիշտ էին այն փորձագետները, որ Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո պնդում էին, որ Սիրիայում ոչ թե «ինչ-որ փուլ ավարտվում է, այլ ամեն ինչ նոր է սկսում»: Ներգրավված են բավական ազդեցիկ ուժեր, որ առարկայական շահեր ունեն նաեւ մեր տարածաշրջանում: Նրանք Հարավային Կովկասը կխնայե՞ն: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ «տարածաշրջանը եւս մեկ պատերազմ չի կարող հանդուրժել»: Բայց դիվանագետները, որպես կանոն, ասում են այն, ինչ իրականում չեն մտածում՞։
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…