

Սիրիայում թուրք-իսրայելական լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ ավելի է սրվում: Ապրիլի 15-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, թե «ովքեր կփորձեն խախտել Սիրիայի կայունությունը, մեզ կհանդիպեն Դամասկոսի մատույցներում»: Ակնարկն, ինչպես ասում են՝ շատ թափանցիկ է, հասցեատերը՝ Բենիամին Նաթանյահուն, որ իր հերթին Իսրայելի «կարմիր գիծ» է հայտարարել Սիրիայի մայրաքաղաքից հարավ տարածքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը:
Այս ֆոնին Ադրբեջանը պաշտոնական եւ իշխանամետ քարոզչությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ իսրայելա-թուրքական լարվածությունը մեղմելու նախաձեռնությունը, երբ կողմերի տեխնիկական պատվիրակությունները հանդիպեցին Բաքվում, պատկանում է Իլհամ Ալիեւին: Ավելի վաղ վերջինս անձամբ է հայտարարել, որ նախկինում միջոնրդել եւ «հաշտեցրել է» կողմերին: Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցերով մասնագիտացած Middle East Eye կայքը, որ գործում է Լոնդոնում, մինչդեռ, հղում անելով տարածաշրջանային իր վստահելի աղբյուրներին, գրում է, որ թուրք-իսրայելական ուղղակի բանակցություններ կայացել են նաեւ նախկինում, մասնավորապես՝ Լիբանանից Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու անվտանգության ապահովման հարցով, իսկ վերջին շփումները նախաձեռնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն՝ Վաշինգտոնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը, որ «ավելի կոնկրետացրել է դրան հաջորդած հեռախոսազրույցում»:
Սիրիայում իսրայելա-թուրքական հնարավոր բախումը կանխարգելելու հարցում Սպիտակ տան շահագրգռվածությունը լիովին հասկանալի է. երկու երկրները Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, նրանց միջեւ ցանկացած բախում կվտանգի ԱՄՆ շահերը: Այս դեպքում խիստ ուշագրավ է, թե Լոնդոնում գործող կայքն ինչու՞ է «չեզոքացրել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Իսկ որ տեղեկությունը, որ իսրայելա-թուրքական բանակցություններում Ադրբեջանը քաղաքական եւ դիվանագիտական որեւէ դերակատարություն չի ունեցել, Բաքուն ընդամենը «ժամադրավայր է ընտրվել», Իլհամ Ալիեւի «բարձր հեղինակության» դեմ է, հասկացվում է ենթատեքստից. խնդիրը ոչ թե չկանխատեսված պատահարներից խուսափելու մասին իսրայելա-թուրքական թեկուզ «ջենթլմենական պայմանավորվածության» հասնելն է, այլ՝ Սիրիայում ազդեցության գոտիների համաձայնեցումը:
Բրիտանական լրատվամիջոցը, որ առերեւույթ զուտ մասնագիտական է, ասյպիսով հրապարակայնացնում է, որ մերձավորաարեւելյան «թեմայում Իլհամ Ալիեւը չի կարող դերակատար լինել»: Խնդրի նրբությունը, հավանաբար, այն է, որ ավելի վաղ իսրայելական The Jerusalem Post-ը, ամենայն հավանականությամբ՝ Բաքվի պատվերով, մի հրապարակում է արել, ըստ որի «քննարկվում է իսրայելա-ամերիկա-ադրբեջանական քաղաքական դաշինք ձեւավորելու հարցը»:
Տարեսկզբին թուրքական եւ ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի Թուրքիա այցի շրջանակներում կազմակերպվել է նրա ուղեւորությունը թուրք-սիրիական սահմանի այն հատվածը, որ վերջին գրեթե մեկուկես տասնամյակներում ապահովել է թուրքական զինուժի մուտքը Սիրիայի հյուսիսային շրջաններ եւ նրա թիկունքային մատակարարումները: Դա խորհրդանշական տեղեկատվություն էր այն իմաստով, որ հարկ եղած դեպքում Ադրբեջանը կարող է մասնակցել Թուրքիայի սիրիական արշավանքին:
Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական-գործընկերային, բայց թուրք-ադրբեջանական համագործակցությունը ռազմավարական-դաշնակցային է, որ ներառնում են նաեւ ռազմական փոխադարձ օգնության պարտավորությունը: Թուրքիան, իհարկե, Սիրիայում Ադրբեջանի զինված աջակցության կարիքը հազիվ թե ունի կամ կարող է ունենալ: Էականը քաղաքական համերաշխությունն է: Այս իմաստով Թուրքիային ձեռնտու չէ Իսրայելի հետ լարվածությունը քննարկել Ադրբեջանի միջնորդությամբ: Անկարան, անկասկած, ձգտելու է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ: Ուշագրավ է, որ, ըստ ամերիկյան մամուլի, Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի արեւելյան շրջաններից հեռացնել իր սահմանափակ զորախումբը: Վերջին մի քանի տարիներին Թուրքիան մշտապես այդ հարցը բարձրացրել է: Հավանական է, որ այդ «զիջումն արվում է», որպեսզի Սիրիայի հարավի հարցում Թուրքիան համաձայնի Իսրայելի ներկայությանը: Ամեն դեպքում, կարծես, Թուրքիայի եւ Իսրայելի հակասությունները հարթելու գործում Ալիեւի «միջնորդական խաղաքարտը մարված է» կամ նվազագույնը տվյալ փուլում պահանջված չէ: Իսկ թե բրիտանական մամուլն ինչու՞ է Ալիեւին «չեզոքացնում»՝ կարելի է միայն ենթադրել:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…