Լրահոս 24/7

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում, որտեղ մասնավորապես ասել է.

«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,

Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,

Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին և հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք ևս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաև մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռևս ողջ սիրելի վետերաններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլև մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաև բարոյական ու հոգևոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից և հիվանդություններից:

Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ Խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչև Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն և անձնուրացություն:

Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին:

Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին և իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում:

Սփյուռքի և հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ:

Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել և հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար:

Գործընկերնե՛ր,

Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:

Գործընկերնե՛ր,

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը և պահպանվի մեզ թողած խաղաղությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասված է ելույթում։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago