Լրահոս 24/7

Հուժկու պայթյուն Իրանում՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից «չափավոր լավատեսության» ֆոնին

Ապրիլի 26-ին հուժկու պայթյուններ են որոտացել Իրանի հարավի Շահիդ Ռաջայի նավահանգստում: Ըստ նախնական տեղեկությունների, առնվազն ութ մարդ զոհվել է, վիրավորների թիվն անցնում է յոթ հարյուրից: Իրանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆաթիմե Մոհաջերանին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթել են «քիմիական նյութեր կրող կոնտեյներները»:

Իսրայելական մամուլի տեղեկացվածությամբ՝ խոսքը վերջին երկու ամսվա ընթացքում Չինաստանից ստացված ավելի քան երկու հազար տոննա նատրիումի գերքլորատի մասին է: Այդ նութն օգտագործվում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների շարժիչների «կոշտ վառելիքի արտադրության համար»: Նույն աղբյուրները հայտնում են, որ նավահանգստին մերձական տարածքում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն»:

Իրանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Մոհաջերանին ասել է, որ պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն կտրվի ավելի ուշ, երբ հրդեհը մարելուց հետո հնարավոր կլինի սկսել «տեխնիկական հետաքննությունը»: Առայժմ պատահարին չի անդրադարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը, տեղեկություն չի ստացվել նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդի գրասենյակից:

Ուշադրություն է հայցում իրողությունը, որ Իրանի խոշորագույն նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել նույն օրը, երբ Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեւել է գրեթե մեկ ամբողջ աշխատանքային օր: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ «բանակցությունների երրորդ փուլն ավելի լուրջ էր»: Նա ընդգծել է, որ կողմերը կառուցողական են տրամադրված, եւ ինքը գործընթացը, չափավոր լավատեսությամբ» է գնահատում:

Ըստ տեղեկությունների, այս փուլում կողմերը հիմնական քննարկել են «տեխնիկական եւ տեխնոլոգիական բնույթի հարցեր»: Իրանի արտգործնախարարն անուղղակիորեն հաստատել է այդ տեղեկությունը, երբ ասել է, որ «չափազանց օգտակար էր փորձագետների ներգրավվածությունը»: Նա նաեւ ակնարկել է, որ ապագա քննարկումներին կարող են մասնակցել նաեւ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները:

Կարելի է զգուշորեն եզրակացնել, որ կողմերն իրոք հասել են Իրանի միջուկային ծրագրի տեխնիկական եւ տեխնոլոգիական մակարդակում հնարավոր համաձայնության քննարկմանը: Աբաս Արաղչին հավելել է, որ բանակցային թիմերը «տուն են վերադառնում, որպեսզի տեղում ուսումնասիրեն հարցի նրբությունները»: Նախնական տեղեկություններով՝ պատվիրակությունների նոր հանդիպումը կկայանա եկող շաբաթավերջին, դարձյալ Օմանի մայրաքաղաքում:

Հնարավոր է, որ Բենդեր-Աբասի նավահանգստի պայթյունն իրոք տեխնիկական կամ քիմիական նյութերի պահպանման տեխնոլոգիայի վթարի, կամ մարդկային սխալի պատճառով է տեղի ունեցել, բայց ընդհանուր տպավորություն է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների լրջություն տարածաշրջանային որոշ դերակատարների խիստ անհանգստացնում է:

Ընդ որում, շահագրգիռ սուբյեկտների աշխարհագրությունը կարող է բավական լայն լինել՝ Իսրայելից մինչեւ Պակիստան, որի հարաբերությունները Հնդկաստանի հետ վերջին օրերին ծայրահեղ սրված են, իսկ Բենդեր-Աբասի նավահանգիստն Իրանի հարավային ելքն է դեպի Հորմուզի նեղուց եւ Հնդկական օվկիանոս: Ծովային այդ երթուղին ապահովում է Իրանի արտաքին ապրանքաշրջանառության ամբողջ ծավալի 80 տոկոսը: Իրանա-ամերիկյան բանակցությունների ձախողման առաջին շահառուն, ինչ խոսք, մնում է Իսրայելը: Բացառված չէ, որ իրանական նավահանգստում պայթյունը կիբերհանձակման հետեւանք է:

Վարկածներն, անկասկած, տարբեր են լինելու: Փորձ է արվելու պայթյունը վերագրել իրանական վերնախավի բեւեռացվածությանը: Իրանում, իհարկե, կան քաղաքական խմբեր, որ դեմ են Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, պահանջում են մինչեւ վերջ զարգացնել միջուկային ծրագիրը եւ ստեղծել ատոմային ռումբ: Բայց ներկա փուլում, թվում է, գերիշխում է պրագմատիզմը: Կհաջողվի՞ «չափավոր լավատեսությունն» իրացնել: Իրանի շուրջ իրավիճակի նկատմամբ զգայուն է ինչպես Մերձավոր Արեւելքը, այնպես էլ Հարավային Կովկասը: Լարվածության թուլացումը հատկապես կարեւոր է Հայաստանի համար: Դա թույլ կտա միաժամանակ ռազմավարական գործընկերություն ունենալ թե Իրանի, թե Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ, ինչպես նաեւ բարելավել ռուս-հայկական հարաբերությունների մթնոլորտը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

24 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago