Լրահոս 24/7

Ալիեւը Թեհրանի՞, թե՞ Անկարայի «կոշտուկն է տրորում»

Մեկնարկել են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Ժամանակային առումով դրանք համընկնում են Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիեւի Թեհրան այցին, որի ընթացքում նա հանդիպել է Իրանի նախագահ Փեզեշքիանի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանիի հետ: Երկուստեք ընդգծվել է միջպետական հարաբերությունների դրական դինամիկան, քննարկվել են համագործակցության ոլորտների ընդլայնման եւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններին տրված է «Արաքս-2025» պայմանական անվանումը, դրանք անցկացվում են մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնված տարածքում, որտեղ քառասունչորսօրյա պատերազմից հետո շահագործման է հանձնվել հիդրոէլեկտրակայան, ինչպես նաեւ արհեստական ջրամբար: Նույն տեղանքում անցյալ տարի կատարվել է Արաքսի վրա ուղեանց կամրջի հիմնարկեքի արարողություն:

Բաքվի մամուլի տեղեկացվածությամբ՝ ընթացիկ տարում այն կսկսի գործել: Կամուրջը նախատեսված է նաեւ երկաթուղային հաղորդակցության համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ այլ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով»: Արաքսի վար ուղեանց կամրջի գործարկմամբ շահագրգռված է նաեւ Ռուսաստանը: Դա նրան Ադրբեջանի տարածքով Իրանի հետ կապվելու երկրորդ երթուղի է տալիս:

Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մտահղացման իմաստով՝ երկու երկրների ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները փորձարկում են սահմանային եւ ենթակառուցվածքային անվտանգության ապահովման կարողությունները: Այլ կերպ ասած՝ երկու երկրները ծրագրում են, թե «արտակարգ իրավիճակում» ինչպես են համատեղ պաշտպանելու արհեստական ջրամբարը, հէկ-ը, ուղեանց կամուրջը եւ ցամաքային հաղորդակցության մյուս ենթակառուցվածքները: Զորավարժությունները, մանավանդ երբ համատեղ են, անցկացվում են «պայմանական հակառակորդից» սպասվող սպառնալիքներին հակազդելու» եւ նրան ուժ ցուցադրելու մտահղացումով:

Այս դեպքում ավելի քան արտառոց է, թե Իրանը եւ Ադրբեջանը ո՞ր երկրից են զգուշանում կամ ու՞մ են համատեղ ուժ ցուցադրում: Ավելի հավանական է, որ համատեղ զորավարժությունները քաղաքական համաձայնության ցուցադրում են. կողմերն ազդակ են հղում, որ միմյանց նկատմամբ ուժի սպառնալիք չեն կիրառելու գոնե այս փուլում: Նախորդ երկու տարիներին նույն տեղանքում նախ Իրանն է լայնածավալ զորավարժություններ անցկացրել, ապա՝ Ադրբեջանը: Փորձագետներն այն կարծիքի էին, որ հարեւան երկրների միջեւ լարվածությունը բավական բարձր է:

Ի՞նչ ընթացք կունենա իրանա-ադրբեջանական անվտանգային «մեղրամիսը»: Այս առումով չափազանց արտառոց է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի հրեական պետության պաշտպանության նախարար Կացն ընդունել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին: Ըստ այդմ, Կացն Ադրբեջանին երախտագիտություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակմանը դիմագրավելու հարցում ցուցաբերած աջակցության համար, կողմերը քննարկել են «պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության հետ կապված հարցեր»:

Գործ ունենք իրավիճակի հետ, երբ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը նույն օրը գտնվել է Թեհրանում, իսկ նրա պաշտպանության նախարարը՝ Երուսաղեմում: Ընդ որում, Հասանովի Իսրայել այցի մասին Բաքուն տեղեկատվություն չի տարածել, մինչդեռ իսրայելական կողմը բացահայտել է, որ Գազայում պաղեստինցի արաբների դեմ պատերազմ է մղում նաեւ Ադրբեջանի աջակցությամբ:

Կարեւոր չէ՝ խոսքն առարկայակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ բարոյական աջակցության մասին է: Էական է, որ Իսրայելը բացահայտում է իսլամական աշխարհում Ադրբեջանի օպորտունիզմը: Իհարկե, Ալիեւն այնքան միամիտ չէ, որպեսզի չկանխատեսեր Զաքիր Հասանովի Երուսաղեմ այցի շուրջ տեղեկատվական ինտրիգը: Մեծ է հավանականությունը, որ Իսրայելը նրան «մերկացրել է» փոխադարձ պայմանավորվածությամբ: Հարցն այն է, թե պաշտպանության նախարար Հասանովին Երուսաղեմ գործուղելով՝ Ալիեւն ու՞մ «կոշտուկն է տրորում», Իրանի՞, թե՞ Թուրքիայի: Ամեն դեպքում Կաց-Հասանով հանդիպումը եւ իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները քաղաքական տրամաբանությամբ չեն համատեղվում: Եթե, իհարկե, Իրանի եւ Իսրայելի «արյան վրեժխնդրությունը», որ տասնամյակներ ի վեր նրանք փոխադարձում են, ավելի մեծ, աշխարհաքաղաքական խաղի ծխածածկույթ չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

8 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

9 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

10 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago