

Չնայած Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի, նրա տասնյակ թիմակիցների ձերբակալությանը եւ դատախազության կողմից գրեթե ամեն օր հրապարակվող «կոռուպցիոն գործերով» հաղորդագրություններին, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության վարկանիշը շարունակաբար աճում է, իսկ նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին մնացել է երեք տարի:
Ինչպես միջազգային դիտորդներն են կարծում, այդ ընթացքում Թուրքիան հազիվ թե կարողանա այնպիսի արմատական լուծումների հասնել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ նախագահ Էրդողանի հեղինակությունը կտրուկ բարձրանա: Թուրքիայի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ազգային դրամի արժեզրկումը շարունակվում է, սոցիալական բեւեռացումը՝ խորանում:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը վերջին շաբաթներին մի քանի տպավորիչ ակցիաներ է կազմակերպել: Իշխանությունները, որքանով հասկացվում է թուրքական մամուլի հրապարակումներից, հատկապես անհանգստացած են, որ ԺՀԿ-ն ընտրազանգված է հավաքում նաեւ երկրի կենտրոնական եւ հարավ-արեւելյան նահանգներում, այսպես ասած՝ Անատոլիայում, որտեղ Էրդողանն ավանդաբար քվեների մեծամասնություն է ստացել:
Իրավիճակը, կարծես թե, գնում է նրան, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է ինքը նախաձեռնել արտահերթ ընտրություններ: Որպեսզի երրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվի՝ Էրդողանը պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնի, իսկ դա բարդ եւ ռիսկային է:
Արտահերթ ընտրությունների իրավական մեխանիզմը նույնպես բարդ է. նման որոշում կարող է ընդունել խորհրդարանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, բայց այն պետք է արժանանա պատգամավորների ընդհանուր թվի հինգ վեցերորդի հավանությանը: Այդ դեպքում խորհրդարանը կցրվի, գործող նախագահը, քանի որ մինչեւ լիազորությունների ավարտ չի պաշտանավարել, ստանում է արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրվելու իրավունք:
Թուրքական մամուլի տեղեկություններով՝ ներկայումս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, թեեւ դաշինքի մեջ է ազգայնական շարժման հետ, ձայների նման քանակություն չունի, բայց կարող է անհրաժեշտ քվեներ ունենալ, եթե ստանա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» աջակցությունը:
Ըստ էության, դրանով է պայմանավորված Էրդողանի հռչակած՝ «Թուրքիան առանց ահաբեկչության» կարգախոսը, որի իրացման շրջանակներում նա առաջին հաջողությունն արձանագրել է. «Քրդական աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է ինքնալուծարման եւ Քրդստանի անկախության համար զինված պայքարը դադարեցնելու մասին:
Այդ սկզբունքային հարցում Էրդողանին մեծ աջակցություն է ցուցաբերել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», բայց դա դեռեւս քաղաքական կոալիցիա չէ. քրդերը եւ նրանց իրավունքները պաշտպանող կուսակցությունը պահանջում են համարժեք վերաբերմունք: Իշխանությունը կտրուկ մերժում է քրդական ինքնությունը քաղաքականապես երաշխավորելու տարբերակը: «Թուրքիայի տարածքային եւ ազգային միասնությունը քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է իշխող կուսակցությունը:
Բայց դա, կարծես, վերջնական որոշում չէ: Եթե Էրդողանը քրդական հարցում որոշակի զիջումների չգնա, ապա խորհրդարանը ցրելու միջոցով երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու նրա ծրագիրն, ամենայն հավանականությամբ, իրականության չի դառնա: Իսկ այլ տպավորիչ ռեսուրս ունենալու հնարավորությունը չափազանց սուղ է: Այդ դեպքում հարկ կլինի կամ առաջիկա երկու տարիներին նախապատրաստել իրավահաջորդի, կամ գնալ սահմանադրական փոփոխությունների: Բայց եթե այդ հարցով հանրաքվեն ձախողվի, ապա կնշանակի, որ Էրդողանի դարաշարջանն անփառունակ ավարտ է ունենում: Էդողանի ոդիսականը խորանում է: Դա կարող է նրան մղել անկանխատեսելի քայլերի:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…