

Հայ առաքելական եկեղեցին, անշուշտ, ազգային ինստիտուտ է, բայց՝ ոչ պետական կամ անգամ քաղաքական: Հայաստանի սահմանադրությունն է ասում: Խնդիրն, ըստ երեւույթին, կապված է 2005 թվականի սահմանադրական փոփոխության հետ, երբ ամրագրվեց, որ պետության եւ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Հայաստանում նման օրենք ընդունվել է: Այն կոչվում է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրվել եւ ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 14-ին:
Օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինստիտուտը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:
Օրենքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահվում է, այսպես ասած՝ աշխարհիկ երկու գործառույթ. պետությունը ճանաչում է ամուսնության եկեղեցական գրանցման օրինականությունը, եկեղեցում արտոնում կրթության ոլորտում դերակատարություն ունենալ, այդ թվում՝ հիմնադրել կամ հովանավորել նախակրթարան, տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Առանձին հոդվածով Եկեղեցին ստանում է հիվանդանոցներում, մանկատներում, ինտերնատ-դպրոցներում, զորամասերում, ազատազրկման վայրերում եւ քննչական մեկուսարաններում ներկայացուցիչ ունենալու իրավունք: Եկեղեցուն արտոնվում է իր կարիքների եւ բարեխնման գործունեության համար ազատորեն կազմակերպել դրամահավաքներ, օրենքը սահմանում է նաեւ Եկեղեցու հարկման չենթակա եկամուտները:
Օրենքով, ինչպես ենթադրվում է սահմանադրությամբ պետություն-եկեղեցի տարանջատումից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն քաղաքական գործառույթ չի վերապահվում, ինչից հետեւում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը, եպիսկոպոսաց եւ քահանայից դասը քաղաքական խոսույթում պետք է պահպանեն չեզոքություն եւ քաղաքական գործունեությամբ չզբաղվեն:
Այդ օրենքն ընդունվել է մի փուլում, երբ Եկեղեցին պետության եւ իշխանությունների հետ որեւէ խնդիր չի ունեցել եւ, բնականաբար, օրենսդիրն այն նախապես քննարկել է Մայր Աթոռի համապատասխան ներկայացուցիչների կամ, թերեւս, ուղղակի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի հետ, ուստի այն կոնսենսուսային իրավական ակտ է, որ պարտադիր ուժ ունի կողմերից յուրաքանչյուրի համար:
Այսինքն, իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին, հարկել նրա եկամուտները, արգելել, որ Եկեղեցին զորամասում կամ քննչական մեկուսարանում ներկայացուցիչ ունենա եւ այլն, իսկ Եկեղեցին չի կարող քաղաքականությամբ զբաղվել: Գործող իշխանությունը Եկեղեցու՝ ՀՀ օրենքով սահմանված ոչ մի իրավունք չի խախտել: Բայց Եկեղեցին զբաղվել եւ զբաղվում է քաղաքականությամբ:
Ասել, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը Տավուշի թեմի առաջնորդ չէ, նրա քաղաքական գործունեության հիմնավորում չէ, որովհետեւ նա մնում է բարձրաստիճան հոգեւորական, իսկ թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի ընտրություններում ինչ դերակատարություն է ունեցել՝ հայտնի է: Այլ, ավելի ցածր աստիճանով հոգեւորականների ակնհայտ պղծախոսության մասին, թերեւս, ավելի լավ է լռել:
Ըստ երեւույթին, կա եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն: Տրամաբանական է, որ նախաձեռնությամբ հանդես գա Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, բայց օրենքը պետք է անցնի նաեւ հանրային ամենալայն քննարկում: Այլ տարբերական պարզապես չկա: Մնացած խնդիրներն, իրոք, իր ներսում պետք է Եկեղեցին կարգավորի: Աշխարհի շատ եկեղեցիներ բարեփոխման մի քանի փորձություն են անցել: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բացառություն չէ, չի կարող լինել, չպետք է լինի:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…