Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ Նա մասնավորապես նշել է․
«Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ,
Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի եւ հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ:
Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ:
Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս: Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար:
Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն:
Մաղթում եմ առողջություն, հոգեկան եւ մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն:
Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց:
Ձեզ եւ մեզ մեծ ավետիս»։

















