

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ շարունակ անօրինական հողօգտագործման փաստի առնչությամբ։ Խոսքն ընդհանուր 24,908 քմ տարածքի մասին է, որտեղ գազալցակայաններ են շահագործվել։
Դատախազությունը միջնորդել է Երեւան համայնքին՝ դադարեցնել այդ տարածքների եւ դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հողամասերից մեկը՝ Շիրակի 1/18 հասցեում, վաճառել այն ապօրինի տնօրինող «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին՝ շուկայական արժեքի կես գնով։
Ինչ է պարզել Դատախազությունը
Գլխավոր դատախազությունը փետրվարի 2-ին հաղորդագրություն էր տարածել Երևան քաղաքին պատկանող տարածքների և դրանց վրա առկա գույքերի ապօրինի օգտագործման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է չորս հասցե՝ Իսակովի 15/10, Շիրազի 1/1, Թամանցիների 97/2 և Շիրակի 1/18։ 2000-2003 թվականներին Երևանի քաղաքապետի որոշումներով այդ հողամասերը վարձակալության են տրվել «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին, ընդհանուր՝ 12,796.5 քմ տարածք։ Ըստ Դատախազության՝ այդ տարածքների վրա ապօրինի շինարարություն է կատարվել, և 2010 թվականին հողերի վրայի ինքնակամ կառույցների սեփականության իրավունքը գրանցվել է Երևան քաղաքի անունով։ Վարձակալությամբ տրված տարածքների պայմանագրերը լուծվել են։
Ըստ Դատախազության՝ 2010 թվականին Երևանի քաղաքապետի այս որոշումներից հետո ընկերությունը շարունակել է օգտագործել նախկինում վարձակալած տարածքները և հարակից հողերը։ Օրինակ՝ Իսակովի պողոտայի 4,000 քմ-ի փոխարեն օգտագործել են 10,800 քմ, որի վրա կառուցվել է գազալցակայան, Շիրակի փողոցի 800 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4,700 քմ, որի վրա կառուցվել է 576․8 քմ շինություն, Շիրազի 2996․5 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4408.46 քմ, որի վրա ևս շինություն է կառուցվել։ 2010 թվականին վարձակալության պայմանագրերը լուծելուց հետո ընկերությունը շարունակել է վճարել նախկինում վարձակալած տարածքների վարձավճարները։ Ստացվում է՝ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ն, կնքված պայմանագրի լուծումից հետո, շարունակել է օգտագործել այդ հողերը և հարակից տարածքները, ընդհանուր՝ 24,908 քմ։ Դատախազությունը նշում է նաև, որ ընկերությունը նշված տարածքներում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք։
Գործն ուսումնասիրող դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ 2025-ի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով)։ Այս հոդվածով նախատեսված է 200-300 հազար դրամ տուգանքից մինչեւ չորս տարի ժամկետով ազատազրկում։ Հակակոռուպցիոն կոմիտեից փորձեցինք ճշտել՝ արդյոք կան մեղադրյալներ քրեկան վարույթի շրջանակներում, թե ոչ, բայց այդպես էլ պատասխան չստացանք։
Ինչ կապ ունի Արման Հակոբջանյանը «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի հետ
«Մուլտի-լեոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականի օգոստոսին։ Մինչև այժմ 8 մասնակից է ունեցել, որոնցից վերջինը՝ ներկայիս 100% փայատերը 2023-ի մայիսի 11-ից «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ն է։ Մինչ այդ՝ 2003 թվականից «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի 50%-ը պատկանել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին, որի սեփականատերերն են Գագիկ Ծառուկյանը և նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Իսկ մյուս 50%-ը 2012 թվականից պատկանել է «Փաբլիք սփըորթ սերվիսիս լիմիթեդ» ՓԲԸ-ին, որի 100% բաժնեմասը պատկանում է Սեդրակ Քոչարյանին։ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ում Քոչարյանի ընկերությանը պատկանող 50% փայը 2023-ի մայիսին փոխանցվել է Ռոման Մելիքսեթյանին, մեկ շաբաթ անց Մելիքսեթյանն այդ 50%-ը փոխանցել է «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ին։
«Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի ներկայիս փայատեր «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023-ի ապրիլի 25-ին՝ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի 100% փայատերը դառնալուց մոտ երկու շաբաթ առաջ։ «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր փայատեր՝ Արտակ Հարությունյանը (67%) և Էդուարդ Գալստյանը (33%)։ «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ից բացի, նրանք համատեղ մասնակցություն ունեն ևս երկու ընկերությունում, որոնք հիմնադրվել են «Բարձրունք գրուպ» ՍՊԸ-ի հիմնադրման ժամանակահատվածում՝ 2023-ի ապրիլ-մայիսին։
Էդուարդ Գալստյանը երկու այլ ընկերություններում միակ մասնակիցն է, ևս չորս ընկերություններում համասեփականատեր է։ Այդ չորս ընկերություններն են՝ «Գազշեն», «Ֆլեյմ Գազ», «Գազ Փոինթ» և «Գազ Սթրիմ» ՍՊԸ-ները, բոլորը հիմնադրվել են 2022 թվականի սեպտեմբերի 27-ին։ Գալստյանն այս ընկերությունները հիմնադրել է գործարար, ճանապարհաշինական «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանի հետ։ Մոտ երկու շաբաթ անց Հակոբջանյանը բոլոր չորս ընկերություններում իր 65% փայը փոխանցել է Հարություն Դարբինյանին։ Դարբինյանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին ստանձնել է «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի նախաձեռնումից 8 օր առաջ, և այդ պաշտոնում մնացել է մինչև նույն տարվա դեկտեմբերի 29-ը։
Քրեկան վարույթի առարկա գույքը վաճառվել է «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին
Դատախազությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանին՝ միջոցներ ձեռնարկելու «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի կողմից վերոնշյալ հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ։ Առաջարկվել է պատասխանատվության ենթարկել ընկերությանը առանց թույլտվության սեղմված բնական գազ վաճառելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2026 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Շիրակի 1/18 հասցեի հողը և գույքը ուղղակի վաճառքով օտարվել են «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին։
Տիգրան Ավինյանի որոշման մեջ նշված է՝ «Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրակի փողոցի հ.1/18 հասցեում գտնվող 956.7քմ մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 4732քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ գույքը վերջին 20 տարվա ընթացքում տիրապետող և օգտագործող «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին»։ Ըստ նույն որոշման՝ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 474 մլն դրամ, օտարման գինը որոշվել է գույքի շուկայական արժեքի 50%-ի չափով՝ 237 մլն դրամ։
Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթում նշված է, որ Շիրակի 1/18 հասցեի հողամասն ու առկա շենք-շինությունները 2026 թվականի հունվարի 29-ին գրանցվել են «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի անունով։
Ստացվում է՝ Գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ, միջնորդագիր է ուղարկում Երևանի քաղաքապետարան, որ դադարեցնեն այդ տարածքների և դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ի կողմից, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը մոտ մեկ ամիս անց որոշում է հողամասերից մեկը վաճառել այդ ընկերությանը դրա արժեքի կես գնով։
Նյութի աղբյուրը` hetq.am։
Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…
Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…
Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…
Ուկրաինան անձնական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Այս մասին հաղորդում են ուկրաինական…