Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գոհ է փողոցների երթեւեկելի մասի աշխատանքներից, սակայն մայթերի մաքրությունը նրան չի գոհացնում:
Ըստ քաղաքապետի՝ մայթերի ոչ բավարար մաքրության պատճառը մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվող համայնքային հիմնարկի նորաստեղծ լինելն է. այն դեռ չի հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը եւս պատշաճ կերպով մաքրվեն: «Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ տեխնիկան համալրել: Երբ ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- ասաց նա:
Մարությանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկա գնել:

















