Այս տարվա փետրվարի 10-ին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում վերելակների գործարան կառուցելու վերաբերյալ։
Գաբրիելյանը նամակում մանրամասն հիմնավորել է ու ներկայացրել վերելակների գործարան կառուցելու անհրաժեշտությունը, դրա օգուտները՝ ներկայացնելով նաև ֆինանսական հաշվարկները։ Ուշագրավն այն է, որ Գաբրիելյանը և նամակում, և նամակը վարչապետի ընդունարան մուտք անելիս խնդրել է, որպեսզի այն չվերահասցեագրվի որևէ այլ գերատեսչության, հատկապես՝ էկոնոմիկայի նախարարին. ըստ Գաբրիելյանի՝ էկոնոմիկայի նախարարությունը արդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտն է։ Գաբրիելյանը, սակայն, օրերս պատասխան է ստացել, որ իր նամակը ուղարկել են էկոնոմիկայի նախարարին,- գրում է 1in.am-ը:
Նախկին պատգամավորը վարչապետին ուղղված դիմում-նամակը ստիպված դարձրել է բաց նամակ, որպեսզի դրա բովանդակությունը գոնե մամուլի միջոցով հասու լինի Նիկոլ Փաշինյանին։
«Արդեն որերորդ անգամն ՝ որևէ առաջարկություն ոչ միայն վարչապետին չի հասնում, այլև վերահասցեագրված նամակներին գերատեսչություններից պատասխանում են պատասխանելու համար: Ես կարծում եմ, որ քանի դեռ չի վերափոխվել կառավարման համակարգը, մեր պետությունը տեղապտույտից դուրս չի գալու, առանձնապես տնտեսության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա նա մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է տնտեսական հեղափոխության մասին, իսկ 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական պետություն՝ դրանով մատնանշելով, որ Հայաստանը պետք է դառնա կենսունակ պետություն և ստանձնի դերակատարություն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբով: Եվ քանի որ կենսունակ պետություն նշանակում է արդյունաբերապես զարգացած պետություն, հետևաբար արդյունաբերության արագընթաց զարգացումը մեր երկրում այլընտրանք չունի:
«Արդյունաբերության զարգացման նպատակով Հայաստանը պետք է վճռականորեն և կտրականապես հայտարարի վաշխառուական տնտեսական համակարգից հրաժարվելու և սոցիալական շուկայական տնտեսական համակարգի անցնելու մասին: Քանի որ սոցիալական շուկայական տնտեսական համակարգն է, որ առ այսօր, որպես հարաբերականորեն արդար հասարակարգի լավագույն մոդել և արդյունաբերության զարգացման համար լավագույն միջավայր ստեղծող, ապացուցել է իր կենսունակությունը (Գերմանիա, Ավստրիա և այլն): Այդ համակարգն է նաև, ուր առաջին հերթին հաշվի են առնվում սոցիալապես ամենախոցելի շերտերի շահերը: Սա ամենակարևոր հանգամանքն է, որից էլ կախված են մնացած ենթաքայլերը»,- ասաց Գաբրիելյանը:
Նա հավելեց. «Հայաստանում հին վերելակները փոխելու գործընթացը հրաշալի առիթ է, որ կառավարությունը նախաձեռնի և կատարի արդյունաբերության զարգացման առաջին քայլը, ինքը հանդես գա որպես ներդնող, կառուցի վերելակների գործարան և հանդիսանա դրա սեփականատերը (հետագայում կառավարությունը կարող է բաժնեմասերի մի մասը՝ մինչև հիսուն տոկոսը, վաճառել: Պատրաստի և աշխատող գործարանի դեպքում, ինքնըստինքյան պարզ է, հիսուն տոկոս բաժնեմասերը պետությունը կարող է վաճառել ավելի մեծ գնով, քան իր կատարած ներդրումներն են եղել): Երևանի քաղաքապետը նախաձեռնել է քաղաքի վերելակները փոխելու գործընթացը: Երևան քաղաքում, ըստ քաղաքապետարանի տվյալների, փոխելու ենթակա է մոտ 4500 վերելակ, իսկ Հայաստանում՝ մոտ 8500: Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ քաղաքապետարանը վերելակները գնում է քսան հազար (20,000) դոլարով, առանձնապես մեծ գիտելիքներ պետք չեն, որ հաշվենք և տեսնենք, որ 4500 վերելակը փոխելու համար պահանջվելու է մոտ իննսուն միլիոն (4500 վերելակ x 20,000 դոլար = 90,000,000 դոլար) դոլար»։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: