Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը դիմում է ուղարկել Մոսկվայի իրավապահ մարմիններին՝ կապված «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայում հայկական մթերքով բեռնված մեքենաների տարածքից դուրս հանելու դեպքով։ Այս մասին նախօրեին տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Նախօրեին մենք մեր դեսպանատան աշխատակիցներին ուղարկեցինք, որպեսզի նրանք տեղում պարզեն իրավիճակը: Շուկայի անվտանգության ծառայությունը արգելում էր հայկական ապրանքների մուտքը շուկա: Մեր զանգերն ու խնդրանքները արդյունք չեն տվել», – նշել է Տողանյանը։
Ըստ նրա, ոստիկանությունից դեռ ոչ մի արձագանք չի ստացվել:
«Պարզել ենք, որ 52 բեռնատար մեքենա, հատկապես սառնարանային, քանի որ ապրանքները փչանում են, հանվել են ընդհանուր կայանատեղիից։ Վարորդների ասել են՝ հեռացեք, բեռնաթափում կատարելը և ապրանքը վաճառելը անհնար է»,-նշել է նա:
Վարդան Տողանյանի խոսքով՝ վարորդներից պահանջվել են «հեռացնել պետհամարանիշները, լոգոտիպերը, որոնք հիշեցնում են, որ բեռնատարերը եկել են Հայաստանից»: