X
Մենք սոց. ցանցերում

Մոսկվայում որևէ պայմանագիր չի ստորագրվելու

Ավարտվել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումը։ Կուսակցության անդամները ճեպազրույցի ընթացքում ընդգծեցին, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան -Պուտին- Ալիև հանդիպման ընթացքում որևէ պայմանագիր չի ստորագրվելու։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ հավանաբար ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան։ Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի, որ Մինսկի խումբը շարունակի մնալ բանակցություններ վարելու միակ ձևաչափ, և Արցախի ապագայի, դեօկուպացիայի հարցը պետք է քննարկվի բացառապես Մինսկի խմբի հովանու ներքո։

«Չափազանց կարևոր մի արձանագրում էլ նախարարի կողմից, ըստ որի՝ մենք Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս լսեցինք սպառնալիք, թե Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Արցախ այցելելուց առաջ, պետք է թույլտվություն ստանան Բաքվից, էտպիսի բան ուղղակի չի կարող տեղի ունենալ։ Նախարարն ասաց, որ ինչպես նախկինում այցելել են Հայաստանի պաշտոնյաները Արցախ, այնպես էլ շարունակելու են այցելել։ Մենք շարունակելու ենք Արցախի հետ մեր համահայկական օրակարգի շրջանակներում մեր անելիքները, մեր գործառույթները պատշաճորեն կատարել»,- շեշտեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ նաև մեծապես կարևոր է Ստեփանակերտի քաղաքական և ռազմաքաղաքական իշխանության կեցվածքը, նրանց սինխրոն մոտեցումների հստակեցումը Երևանի հետ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս