Կրթություն

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը սկսել է գործունեությունը

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

Նոր համակարգի առավելությունը ճկունությունն է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` նորաստեղծ հիմնադրամի առաջնային խնդիրը կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումն է: Հանրակրթության բնագավառում նոր մոդելների մշակման գործընթացը, ինչպես փոխնախարարն է նշում, վերաբերելու է դպրոցների կառավարմանը և հանրակրթության բովանդակությանը:

«ԿԶՆԱԿ-ն ունենալու է հանրակրթության ոլորտի կառավարման մոդելների վերլուծության, ինչպես նաև արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործառույթ: Հանրակրթության ոլորտի ֆինանսավորման վերլուծությունը և բարելավմանը միտված առաջարկների մշակումը ևս նոր կառույցի խնդիրներից են: Շատ մեծ կարևորություն է տրվում կրթության բովանդակության մշակմանը, ինչն ուղղված կլինի չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերլուծությանը, նորերի մշակմանը»,- փաստեց Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ նորաստեղծ հիմնադրամը կզբաղվի նաև հանրակրթական համակարգի վարչական և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման արդյունավետության գնահատմամբ ու վերլուծությամբ:

Մասնագիտական փորձաքննությունների իրականացումը ևս ԿԶՆԱԿ-ի առաջնային խնդիրներից է. այն իրականացվելու է նոր մոդելով, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած նույնանուն գործից:

«Եթե Կրթության ազգային ինստիտուտում կային առանձին բաժիններ` ըստ առարկաների, ապա ԿԶՆԱԿ-ում նույն մոտեցման կիրառումից խուսափել ենք: Փորձել ենք ներդնել ավելի բաց ու ճկուն մոդել. ԿԶՆԱԿ-ն ունի առանձին վարչություն, որի վրա դրված է փորձաքննությունների իրականացման չափանիշները մշակելու և այդ գործընթացը համակարգելու պարտավորություն: Առարկայական մասնագետներն էլ, որոնք պետք է իրականացնեն բուն փորձաքննությունը, կներգրավվեն որպես փորձագետներ: Այսինքն` ըստ առարկայական ուղղությունների կունենանք փորձագետների շտեմարան, որտեղից, ըստ անհրաժեշտության, կոնկրետ փորձաքննության համար կներգրավենք համապատասխան մասնագետին»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա համոզմամբ` նոր մոդելը փորձագիտական ներուժը հնարավորինս ամբողջական և լիարժեք օգտագործելու, քարացած մոտեցումներից խուսափելու և առավել ճկուն ու ստեղծագործ միջավայր ապահովելու հնարավորություն կտա:

Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին

Մասնագիտական զարգացմանը նպաստելը նորաստեղծ ԿԶՆԱԿ-ի մյուս գլխավոր խնդիրն է: Նախարարի տեղակալի խոսքով` այս պարագայում ևս ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է վերապատրաստման մեթոդաբանության մշակումը և համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Համապատասխան կարգերն արդեն մշակվել են, դրվել են հանրային քննարկման և առաջիկայում կհաստատվեն:

Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման երաշխավորության մշակված ու հաստատման փուլում գտնվող կարգերում նոր մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես կերաշխավորվեն ոչ միայն կազմակերպությունները, այլև դասընթացները: Այսինքն` ուսուցիչը ոչ միայն վերապատրաստող կազմակերպություն, այլև համապատասխան դասընթաց ընտրելու հնարավորություն կունենա:

«Կլինեն սահմանված կրեդիտներ, ուսուցիչը կտեղեկանա, թե տվյալ դասընթացն ինչ կրեդիտներ է ապահովում իր համար և, ըստ այդմ, կկատարի ընտրություն»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում` հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին՝ ԿԱԻ-ի լուծարումից հետո, նշված գործընթացը կասեցված է եղել:

Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում

Մյուս նորությունն ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումն է: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ այժմ մշակվում է գործընթացի թվայնացման ընթացակարգը: Հիմնական մոտեցումը հետևյալն է. ուսուցիչը ատեստացիա կանցնի` վերապատրաստումների ժամանակ ստացած հավաստագրերն ու վկայականները ներբեռնելով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակ: Որպես վերապատրաստման բաղադրիչ՝ ներառվել է նաև ուսուցիչների՝ նախագծեր ներկայացնելու հմտությունը, սահմանվել է անցողիկ միավորների շեմ` պարտադիր ատեստավորման համար: Փոխնախարարի հավաստմամբ` վերապատրաստման համակարգն այժմ բովանդակային վերափոխման փուլում է գտնվում, այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Բրիտանական խորհրդի և այլ տեղական ու միջազգային կառույցների հետ: Նախատեսվում են ուսուցիչների համաժողովներ, քննարկումների այլ հարթակներ:

«Մեր կարևոր խնդիրը մասնագիտական դաշտին ազդակներ հաղորդելն է, որ պետությունն իրենց հետ համագործակցություն է ակնկալում: Համագործակցության արդյունավետ միջավայրի ձևավորումը մեր գերակա նպատակն է»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա խոսքով` քննարկվում է նաև ԿԱԻ-ի նախկին մասնագիտական ամսագրերի թողարկման հարցը (ամենայն հավանականությամբ՝ էլեկտրոնային ձևաչափով):

ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն գրանցված է, և առաջիկայում նախատեսվում է աշխատակազմի համալրման գործընթացը: Մոտ յոթ տասնյակ հաստիք ունեցող նոր կառույցի բոլոր աշխատակիցներն ընտրվելու են մրցույթով: Ընտրության ժամանակ մասնակիցների՝ հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվելու է նախկին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին: Բացի դրանից` ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԿԱԻ-ի ներկայացուցիչն ընդգրկված կլինի բոլոր պաշտոնների մրցութային հանձնաժողովներում: Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մինչև մրցույթ հայտարարելը նախատեսված կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԶՆԱԿ հիմնադրամը ձևավորվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերակազմակերպման միջոցով` համաձայն հոգաբարձուների խորհրդի որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորաստեղծ հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»:

ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

50 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

1 hour ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago