Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ:
«Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց՝ բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր գիտելիքներ և հմտություններ ունեցող կադրեր է թողարկել այս մասնագիտությամբ, համագործակցել ենք Հայաստանի մի շարք պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված և առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում և հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ՝ «Ռոբոտաշինություն» ու «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, և ընդունելություն կիրականացնենք նաև այս մասնագիտությամբ»,- նշում է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և ընդգծում, որ քոլեջի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխատանքի, սակայն նրանցից 25-40 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:
Քոլեջի ուսանողները որպես կուրսային և դիպլոմային աշխատանքներ շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Այդ ուսանողներից մեկը «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, ով մեծ ոգևորությամբ ներկայացնում է ուսանողների պատրաստած արտադրանքը․ «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաև 3 D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել: Այն խիստ անհրաժեշտ արտադրանք է, որովհետև դրոնի և ռոբոտի դետալներն ամբողջությամբ տպում ենք այդ պրինտերով: Բացի դրանից՝ ստեղծել ենք քոլեջի ավտոմատացված զանգ, որի կաղապարը նույնպես այդ պրինտերով ենք սարքել: Պատրաստել ենք նաև զանգի երկրորդ մոդիֆիկացիան. այն աշխատում է բարձրախոսների միջոցով և ամեն օր ավտոմատ ազդարարում քոլեջի կարևոր հաղորդագրությունները, օրինակ՝ դասամիջոցի ավարտին մնաց այսքան րոպե, կրե՛ք դիմակ և այլն»:
Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչև այժմ ստանում էին արտերկրից․ «Ուսանողներով և դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաև քոլեջը, և համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգևորել է: Ստեղծել ենք նաև մանիպուլյատոր, որն իրեր է տեղափոխում և ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաև դրոն, որը լաբորատոր տարբերակ է: Թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան տվյալները և դրոնն ուղղում այդ ուղղությամբ»:
Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…