Քաղաքականություն

Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է մեկնարկել «Հյուսիս-հարավի» հարավային՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը և ձգձգել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը: Նիկոլ Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է մարդասիրական այս կարևոր հարցի վրա և կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ կառույցների առարկայական ներգրավումը դրա լուծմանը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ՝ այն համարելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանային խաղաղությանը և ընդգծել, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին: Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը և շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

2 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

30 minutes ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

42 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

57 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

1 hour ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

2 hours ago