Հայ ռազմագերիների հարցը դառնում է միջազգային օրակարգի հարց՝ այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի համար ամենացավոտ խնդիրը շարունակում է մնալ մեր գերեվարված հայրենակիցների շուտափույթ հայրենադարձումը, սակայն Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում Ադրբեջանում պահվող պատանդներին և ռազմագերիներին։
Փաշինյանը հայտնեց՝ երեկ ուշ երեկոյան հարցի շուրջ Եվրամիությունը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, որում շատ հասցեական և կոնկրետ մատնանշել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։
«Սա շատ կարևոր արձանագրում է, ընդ որում՝ կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է, և, այս իմաստով, ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ։ Մեզ անհրաժեշտ է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պիտի ստանա»,- եզրափակեց Փաշինյանը։
Քրիստինե Հովսեփյան














