Քաղաքականություն

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել ISNA լրատվական գործակալությանը

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել ISNA լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև. 

– Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ: 

– Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում՝ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ: Դժվար է այս ողբերգական իրադարձություններին միանշանակ և պարզունակ գնահատական տալ: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար: 

– Զինադադարից հետո ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջներին: Այսօր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և այդ պատճառով վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Ձեր կարծիքով ստեղծված պայմաններում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը: 

– Բնական է, որ Արցախյան վերջին պատերազմի արհավիրքները լրջորեն ազդել են Հայաստանում հանրային տրամադրությունների վրա: Անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, և այդ նպատակով է, որ ՀՀ վարչապետը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, որոնց գործունեությունը պետք է միտված լինի խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Ներկա մարտահրավերների հաղթահարումը մեծ քննություն է մեր ժողովրդի և պետության համար, որը պարտավոր ենք պատվով հանձնել՝ հանուն մեր նահատակների և ներկա ու ապագա սերունդների: 

– Արդյո՞ք ՀՀ կառավարությունը դեռ շարունակում է ճգնաժամի հաղթահարման նպատակով կողմ լինել Մինսկի խմբի հետագա գործունեությանը, թե՞ այն համոզմունքին է, որ տարածաշրջանային երկրներն այդ հարցում կարող են առավել արդյունավետ դերակատարում ունենալ: 

– Ըստ հայկական կողմի՝ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր: 

– Ո՞րն է Ձեր տեսակետը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ԻԻՀ առաջարկության կապակցությամբ: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: 

– Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը: Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազեդցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ, կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում:  

– Գիտեք, որ Արցախի շուրջ ռազմական գործողություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, տարածաշրջանում մնացել են ահաբեկչական խմբավորումներ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կողմ է այդ խմբավորումների դեմ պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Իրանի հետ: 

– Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ: 

– Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համաձայն է դրան: 

– Ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին:

– Որքա՞ն առաջընթաց է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, հատկապես՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների համատեքստում: 

– Այս հարցի կապակցությամբ կարծում եմ՝ նպատակահարմար կլինի առանձին հարցազրույց ունենալ և ներկայացնել ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա անելիքները: Ընդունված է ասել, որ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն, և դա իրոք այդպես է: Անցած տարիների ընթացքում երկու երկրների տարեկան առևտրային շրջանառությունը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ընդ որում, դրա մեծ մասը կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, իսկ հակառակ հոսքը եղել է չափազանց փոքր չափերի: Պատճառները հայտնի են: Դրանք կապված են ինչպես երկու կողմերի տնտեսական կարողությունների, այնպես էլ գործող առևտրային ռեժիմների և մի շարք սահմանափակումների հետ (բարձր մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման արգելքներ և այլն): Թեև շատ մեծ գործ է կատարված երկու երկրների տնտեսավարողների փոխադարձ իրազեկվածության ուղղությամբ (բազմաթիվ հանդիպումներ, ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, օրենսդրության, գործարար միջավայրի և տնտեսական բնույթի այլ տեղեկությունների սիստեմատիկ փոխանակումներ և այլն), սակայն անելիքներ դեռևս շատ կան: Անշուշտ, առկա բարենպաստ գործոնների թվին պետք է դասել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ և մի շարք երկրների հետ առևտրային որոշակի արտոնությունները, ինչպես նաև Իրանի՝ ԵԱՏՄ հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ընդունումը (2019 թ.), անշուշտ նաև Իրանի զգալի տնտեսական ներուժը:Ի դեպ, իրանական ապրանքների արտահանման տեսանկյունից տարածաշրջանային երկրների շարքում (Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և այլն) ընդամենը շուրջ երեք մլիլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է առաջին տեղում (Հայաստանի բնակչության մեկ շնչին հասնող իրանական ապրանքների ներմուծման ծավալով): Դա նշանակում է, որ իրանցի տնտեսավարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է: Կասկածից վեր է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն, և այս իմաստով էական ազդեցություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության (երկաթգիծ, ավտոճանապարհ) ոլորտում սպասվող զարգացումները: Այսպիսով, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա տարիները մեր երկու երկրների համար կլինեն հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ժամանակաշրջան՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ տարածաշրջանի:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

11 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

13 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

15 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago