Քաղաքականություն

Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. Մըրֆին ներկայացրել է դիտորդական առաքելության անելիքները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու է իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև՝ քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաքելության աշխատանքներից մանրամասներ հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին Երևանում՝ առաքելության աշխատանքի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում:

Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը:

Սակայն, կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կախված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի գնահատականներից, այդ թվում ճամփորդելու և սահմանների հետ կապված սահմանափակումներից, որոնք կգործեն ԵԱՀԿ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում գործող առողջապահական կարգավորումներից:

«Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և այդ մասով ստանձնած միջազգային պարտավորություններին: Դա ենթադրում է նաև ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխանությունը ազգային օրենսդրությանը: Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական առաքելության անբաժան մաս»,-ասաց Մըրֆին:

Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության հետ: Առաքելությունն աշխատանքի ընթացքում հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն, իսկ ընտրությունների հաջորդ օրը կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հայտարարությունը՝ նախնական բացահայտումների և եզրահանգումների վերաբերյալ: Իսկ ընտրական գործընթացների ավարտից հետո՝ մոտ 2 ամիս անց կհրապարակվի վերջնական հաշվետվություն, որտեղ կամփոփվեն ողջ ընտրական գործընթացի դիտորդության արդյունքները:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago