Խորհրդարանական գալիք ընտրությունները աննախադեպ են ոչ միայն իշխանության համար հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեծաթիվությամբ, այլ նաև նրանց իրարամերժությամբ։ Թերևս թեկնածու ուժերից ամենահակասականը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ Ունեմ» դաշինքն է, որը լի է աբսուրդներով։

Թավշյա հեղափոխության ընթացքում լայն հանրությանը հայտնի դարձած Վանեցյանը, նշանակվելով ԱԱԾ տնօրեն, սկսեց ազգային անվտանգության ծառայության կերպարի և դերի վերաիմաստավորման գործընթացի իմիտացիա, ինչը բավականին լավ ստացվեց իր մոտ։ Հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր նախկին իշխանավորների, թաղային հեղինակությունների դեմ, և դրանով իսկ ժողովրդի մոտ Վանեցյանը արդարության մարտիկի դեր խաղաց։ Սակայն որոշ ժամանակ անց Վանեցյանի՝ նախկին ճամբարի հետ ունեցած կապերը տեղի տվեցին։ Վերջինս լքեց թե՛ ԱԱԾ ղեկավարի, և թե՛ ՀՖՖ նախագահի պաշտոնները, դարձավ Փաշինյանի թիվ մեկ քննադատը և հիմնեց իր սեփական կուսակցությունը։

Նման դեպքեր նորություն չեն քաղաքական դաշտում, երբ դաշնակիցները վերածվում են հակառակորդների, սակայն դեպքերի հաջորդականությունը հիմնավոր պատճառներ է տալիս մտածելու, որ Վանեցյանը նախկին իշխանությունների կողմից հեղափոխության մեջ տեղադրված դանդաղ գործողության ռումբ էր։

Սույն դաշինքը ինքնին պարադոքսալ է։ Հեղափոխությունից մինչև իր հրաժարականը ընկած ժամանակահատվածում նախկին իշխանություններին պետական միջոցների թալանման և զավթման մեջ մեղադրող Վանեցյանը ընդամենը երկու տարի անց դաշինք է կազմում նրանց հետ և ՀՀԿ-ի հետ որոշում մասնակցել ընտրություններին։ Դատելով ցուցակից և նախընտրական կարգախոսից՝ կարելի է շատ պարզ հասկանալ, թե ինչ նպատակով է դաշինքը մասնակցում ընտրություններին։ Ցուցակում ունենալով այնպիսի մարկանց՝ ովքեր հայտնի են պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով հողատարածքների զավթմամբ, բազմամիլիոնանոց օֆշորային սկանդալներով և կուսակցություններով թափառելով՝ կարելի է պարզ հասկանալ, թե ինչ միտք ունի կարգախոսը։ «Մեջքդ ուղղիր, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով կարելի է ենթադրել, որ դաշինքը փորձում է համահունչ լինել ժամանակին՝ կիրառելով հայկական PR շուկայում տարածված ամենօրյա բառերը։

Սակայն կարելի է տողատակերով կարդալ, թե ինչ է ասում կարգախոսը։ Զրկված լինելով իշխանական լծակներից՝ կարգախոսը կոչ է անում ուղղել իշխանության կորստից ծռված մեջքը, կպնել սովորական դարձած գործին՝ պետական միջոցների թալանման և անօրինական գործողություններին, որ ապրեն, ինչպես ապրել են տարիներ շարունակ՝ հասցնելով երկրին անդառնալի վնասներ։ Ցուցակում տեղ գտած թեկնածուները յուրովի տարբերվում են արտասովոր պատմություններով։

Առաջին համար Արթուր Վանեցյանին արդեն անդրադարձանք, իսկ ցուցակում անսպասելիորեն երկրորդը՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշվեց պաշտոնավարման ընթացքում մի քանի չարդարացված որոշումներով, որոնք մերժվեցին ժողովրդի կողմից և չեղարկվեցին, կամ սեփական տան հասցեն տրամաբանությունից դուրս 77 համարի վերածելով։

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, խոշոր օֆշորային սկանդալնորի մեջ ներգրավված և նախկինում Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհ ունեցող Միհրան Պողոսյանը, ում դեմ քրեական գործ էր հարուցել հենց ինքը՝ դաշինքի ղեկավար Վանեցյանը, հանգրվանել է ցուցակի առաջատար հորիզոնականներում։

Ցուցակում են նաև տարբեր կուսակցություններից գաղթած թեկնածուներ, և այդ գործի մեծ վարպետ, 5-րդ գումարման ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ արդեն 6-րդ գումարմանում՝ «Հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պատերազմից հետո խորտակվող նավը լքող առնետի տրամաբանությամբ «Իմ Քայլ»-ից դուրս եկած Թագուհի Թովմասյանը, ով ի համեմատ «Իմ Քայլը» դաշինքում պատահականորեն հայտնված պատգամավորների՝ ի սկզբանե իրեն համարում էր գաղափարական հեղափոխական և Փաշինյանի համախոհ։

Ցուցակում տեղ գտած հաջորդ խամաճիկը «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Թեհմինա Վարդանյանն է, ով «ԵԼՔ» դաշինքի կազմում ակտիվորեն պայքարում էր հենց ՀՀԿ-ի դեմ։ Ցուցակում նման իրարամերժ թեկնածուներ ունենալը պարտադրում է խմբագրել դաշինքի անվանումը․ արդյո՞ք նրանք պատիվ ունեն։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago