Հայաստան
12.07.2019

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը (տեսանյութ)

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Այսօր մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը և մինչ բուն օրակարգի քննարկման անցնելը՝ կցանկանայի անել մի քանի շեշտադրումներ:

Ընդհանրապես, ինչո՞ւմ է կայացել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը: Խնդիրը եղել է այն, որ, ըստ էության, մշտապես, անընդհատ, բազմիցս, մեծածավալ այդ մասին խոսվել է, բայց իրականությունը դրանից չի փոխվել: Դրա համար եղել են բազմաթիվ պատճառներ, և այդ բազմաթիվ պատճառներից ամենակարևորը, իմ գնահատմամբ, քաղաքական կամքի բացակայությունն է եղել, և երբեք Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմները չեն համապատասխանել դրա վերաբերյալ խոսակցության ծավալներին և բովանդակությանը:

Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Իրավիճակն այսպիսին է, հիմա արդեն կարող ենք ասել, առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: Իհարկե, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, այստեղ պետք է նաև համակարգային պատճառները չանտեսել, այդ թվում` որոշակի համակարգային հնարավոր դիմադրությունը չի կարելի անտեսել, և այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելման իմաստով, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս և ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը:

Իհարկե, այս համատեքստում մենք ունենք նաև որոշակի մարտահրավերներ, որոնցից կարևորագույնն անձամբ ինձ համար հետևյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը:

Սրանք նույնպես շատ կարևոր խնդիրներ են, որոնք մենք մեր առաջ դնում ենք և պետք է դնենք, բայց մի բան ակնհայտ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձևերով պայքար մղելը: Ընդ որում, շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաև ընթացիկ և, որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան: Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար: Եվ ուրեմն մենք պետք է արագ, բայց անշտապ և առանց չմտածված քայլերի կարողանանք երաշխիքներ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան չի կարող ունենալ այն ծավալները և ազդեցությունը, որ երբևէ ունեցել է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր այս գործընթացի մեջ ներգրավված են ոչ թե ի պաշտոնե, այլ համաձայնությամբ և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս համատեղ աշխատանքը դարձնել իրապես արդյունավետ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ է սահմանվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումը բոլոր անհրաժեշտ ուղղություններով: Այդ նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում և զարգացում, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորում, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների նվազեցում, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրում, իրավական և գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետություն և այլն: Ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախարարը նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի և կներկայացվի հանրային քննարկման:

Օրակարգի երկրորդ հարցով արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ (2019 թ. հոկտեմբեր-2020 թ. հոկտեմբեր), և երկարաժամկետ (2020թ. հոկտեմբեր-2023թ. դեկտեմբեր): Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը, երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը և ներդրումը 2019-2023 թթ., այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը և արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը և այլն:

Արդարադատության նախարարի զեկուցումից հետո ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության շրջանակին, կարգավիճակին, գործառույթներին, կադրային համալրմանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններին, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարագրման համակարգին, հակակոռուպցիոն պայքարի արդյունքների մոնիթորինգին, դատավորների բարեվարքությանը, պաշտոնատար անձանց ունեցվածքին, եկամուտների թափանցիկության և նրանց բարեվարքության ստուգման մեխանիզմների հստակեցմանը վերաբերող և այլ հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ ներկայացված առաջարկների շուրջ և լրամշակված նախագիծը ներկայացնել Խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

primeminister.am

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան