Քաղաքականություն

Կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց նաև երկրորդ՝ Արցախյան պատերազմի ցնցմանը: 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը թիրախավորում/նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ:

Միջնաժամկետում միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը՝ ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսության ներուժային աճը և կհաստատվի նոր՝ առավել բարձր մակարդակում: Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն՝ ներդրումներն ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Որդեգրված նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ (տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ 2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով:

Բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների իրականացմամբ: Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ: Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճերը: Այս զարգացումները կարտացոլեն տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման ազդեցությունը: Ընդ որում՝ կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը:

Հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝ 60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր շոկերին արձագանքելու նպատակով: Տնտեսական աճի տեմպերի արագացումը և հարկային քաղաքականության ու վարչարարության ջանքերի շնորհիվ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումը հնարավորություն կընձեռի հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ և հետևաբար ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկարաժամկետ տնտեսական աճը խթանող կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսպես, կանխատեսվող հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6 տոկոսի:

ՀՀ կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով: Ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը: Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7 տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ տնտեսության կայուն առաջընթացը և մրցունակության բարձրացումը՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը ի օգուտ արտահանելի ճյուղերի: Ընդ որում՝ տնտեսության ներուժի բարձրացումը և աճի տեմպերի արագացումը կապահովվի ի հաշիվ ներդրումների բարձր աճի, արտահանման աճի արագացման, պետական բյուջեից ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի ավելացման և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ակնկալվող արտադրողականության աճի:

Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք ունենք պարտավորություն այսօր ընդունել Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է: Երկրորդ՝ մենք ունենք ընթացակարգեր, մյուս կողմից ունենք նոր իրողություններ: Ընթացակարգերն այն են, ինչ որ ասացի, նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է այսօր ընդունել և սկսել աշխատել: «Արդեն վաղուց հանձարարականները տրված են Կառավարության ծրագրի նախագծի, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Եվ ի վերջո 2022 թվականի բյուջեն ամբողջովին պետք է կազմվի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել նախընտրական ծրագրով միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը, ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ կենտրոնանանք ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago