Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանային իրադրությանը ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքին։ Նա մասնավորապես գրել է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից առաջ եղավ ԱՄՆ Պետքարտուղարության անդրադարձը սահմանային իրադրությանը, որը մնաց լայն ուշադրությունից դուրս: Մինչդեռ այն ոչ միայն ոչ պակաս էր արժանի ուշադրության, այլ գուցե նույնիսկ ավելի, առնվազն համանախագահներին նախորդելու իմաստով: ԱՄՆ պետքարտուղարության արձագանքի մասին նախօրեին անդրադարձիս հղումը տեղադրում եմ մեկնաբանություն բաժնում:
Համադրելով համանախագահների հայտարարությանը եւ դրանցում շեշտադրումներին, մասնավորապես նախորդ ֆեյսբուքյան գրառման մեջ շոշափած թեման, հնարավո՞ր է պայմանականորեն ասել, որ «վերադառնում» ենք քիվեսթյան տրամաբանության: Իհարկե ոչ ուղիղ, այլ բավականին պայմանական իմաստով, բայց կարծես թե նկատելի ուրվագծերից արվող դատողություն է, հաշվի առնելով, օրինակ, որ հենց քիվեսթյան տարբերակում էին կապակցվել կարգավիճակ-«միջանցք» օրակարգերը: Քի Վեսթը անկասկած տապալվեց Ռուսաստանի ձեռքով: Արդյո՞ք այժմ Ռուսաստանը «կմիանա», ունենալով արդեն իր «բաժնեմասի» եւ դերակատարման գործուն երաշխիքներ Արցախում իր խաղաղապահների առկայության տեսքով»:














