Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Գրեխովը:
«Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման գործընթացը:
ԱՊՀ շրջանակում Հայաստանը և Ռուսաստանն արդեն ստեղծել են Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ՝ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել, վերջինը՝ 2020-ի հուլիսին: Հակաօդային պաշտպանության ոլորտում հայ-ռուսական նոր համաձայնագրի բովանդակության վերաբերյալ ռուս պաշտոնյան մանրամասներ չի հայտնել:

















