Լրահոս 24/7

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման հասնելն է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում: ՌԴ նախագահն այդ մասին ասել է «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջին հերթին պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քաղաքական իմաստությանը: «Ամեն դեպքում, չնայած տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական բնույթին, նրանց հաջողվեց վեր կանգնել այսրոպեական կոնյուկտուրային քաղաքականությունից և կայացնել շատ պատասխանատու որոշում: Ես գիտեմ, որ երկու երկրում էլ դժգոհություններ կան, նույնիսկ արտահայտություններ են արվում իրենց ղեկավարների հասցեին: Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից գոհ չեն կամ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Բայց միշտ առաջ է գալիս պատասխան՝ փորձեք ավելի լավ անել:

Ամեն դեպքում և վարչապետ Փաշինյանին, և նախագահ Ալիևին հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունը: Բայց խնդիրը նույնիսկ սրա մեջ չէ՝ չնայած չկա և չի կարող լինել ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքեր փրկելը: Այսպես, թե այնպես կա  մի կարևոր ասպեկտ՝ անհրաժեշտ է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծել: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները. երկու կողմերը պետք է գնահատեն նաև առավելությունները: Ցանկանում եմ սա ընդգծել՝ խաղաղ գոյակցության առավելությունը: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված:

Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի կարողանա նորմալ կապ ունենալ Նախիջևանի հետ, և շահագրգռված է կոմունիկացիաների ապասառեցմամբ: Հայաստանի համար առաջնային խնդիր է արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումը, տարածաշրջանում փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն Հայաստանն այս ամենով շահագրգռված է: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ տալ»,- մանրամասնել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է հանգեցնի գլխավոր նպատակին՝ երկու պետությունների անվտանգ գոյակցությանը և տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը: «Հնարավո՞ր է սա անել, թե ոչ: Հնարավոր է: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունը դադարի, բայց ոչ միայն դա: Մեր խաղաղապահները պատվով կատարում են իրենց պարտքը: Արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հարազատ վայրեր: Ընդհանուր առմամբ հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահել այնպես, ինչպես կա:

Լայնածվալ ռազմական գործողություններ չկան: Այո, ցավոք, միջադեպեր են լինում: Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են զոհվում, բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել ամբողջովին կատարյալ պատկեր այդքան երկար տարիների դիմակայությունից հետո: Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել: Այստեղ մեզ նույնիսկ, հավանաբար, որևէ մեկը պետք էլ չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից:

Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները Խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ անհրաժեշտ է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այստեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, ընդունելի լինի երկու կողմերի համար: Կարելի է՞ դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն: Մենք դրա վրա աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ կարևորը գլխավոր նպատակին հասնելն է՝ անվտանգ իրավիճակի ստեղծմանը և ապագայում հարաբերությունների կառուցմանը դրական հեռանկարով: «Բայց առայժմ այն, ինչ մենք դրել ենք մեր առջև որպես նպատակ, ընդհանուր առմամբ կարողանում ենք իրականացնել: Եվ, իհարկե, անհրաժեշտ է ապագային նայել, տեսնել, թե ինչ կլինի: Չէ որ խնդիրը նրանում չէ, որ հայտարարության կետի համաձայն (խմբ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) դիտարկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետի երկարաձգումը: Միթե՞ խնդիրը դրանում է: Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մեջ է: Ահա թե որն է ամենագլխավորը: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անել դա»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago