Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը:
Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36 տարեկանից բարձր տարիքի կանայք ու 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնց վազքի երկարությունը նույնպես 10 կմ էր:
Տարբեր տարիքային խմբերում հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև կանանց և տղամարդկանց մրցավազքին մասնակցած ամենատարեց վազորդներին՝ 73-ամյա Շուշանիկ Պողոսյանին և 79-ամյա Խաչատուր Փրխոյանին:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին, մասնակիցներին և արձանագրել, որ այս մրցաշարը նույնպես կարող ենք համարել կայացած: «Այս ընթացքում անընդհատ մի հարցով էի հետաքրքրվում, թե քանի քաղաքացի է մասնակցելու հայտ ներկայացրել: Այդ հարցի պատասխանն ինձ անհրաժեշտ էր ոչ թե որպես վիճակագրություն, այլ հասկանալու՝ արդյոք այս նախաձեռնությունն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիներին: Այն փաստը, որ այսօր 1500-ից մասնակից ենք ունեցել՝ տալիս է այդ հարցի պատասխանը. այո, այս նախաձեռնությունն անհրաժեշտ է քաղաքացիներին: Ճիշտ է՝ մրցաշարը կոչվում է «Վարչապետի գավաթ», բայց կարծում եմ ակնհայտ է, որ այն կառավարության անդամների համար չենք անցկացնում, այլ անցկացնում ենք ՀՀ քաղաքացիների և ոչ միայն նրանց համար, որովհետև ուզում ենք մեր հայրենակիցներին աջակցել, խթանել, որպեսզի նրանք իրենց առաջ խնդիրներ դնեն և լուծեն դրանք:
Երբ անցնում էի այս ճանապարհը՝ արձանագրեցի, որ կարևոր է ոչ միայն մարզաձևը, սպորտը, այլև բովանդակությունը: Ցանկանում եմ այստեղ ուշադրություն դարձնել բովանդակության վրա, որովհետև մարդը հայտ է ներկայացնում, խնդիր դնում իր առաջ, հատում է գիծը, որը կոչվում է մեկնարկ, հաղթահարում է արգելքը՝ տվյալ դեպքում ճանապարհը և լուծում իր առաջ դրած խնդիրը, հասնում իր նպատակակետին և հատում մյուս գիծը, որտեղ գրված է վերջնարկ: Ուզում եմ, որ մեր երկրի կյանքը կազմակերպվի հենց այս տրամաբանությամբ՝ մենք մեր առաջ խնդիրներ դնենք, ունենանք համարձակություն և վճռականություն՝ հատել մեկնարկ կոչվող գիծը և ունենանք հետևողականություն, վճռականություն, ուժ, կամք՝ հաղթահարել ճանապարհը և ի վերջո հասնել նպատակակետին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքել են այս նախաձեռնությանը և հավելել, որ այն լինելու է շարունակական: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարվա ընթացքում ունենալու ենք առնվազն 4 այսպիսի մրցաշար՝ մրցանակային հիմնադրամներով: Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն ունենք մասնակից, ով վերջին երկու ամսվա ընթացքում 1 մլն դրամից ավելի մրցանակ է ստացել:
«Առաջիկայում անցկացվելու է նաև սեղանի թենիսի մրցաշար, իսկ լողի մրցաշարը կկազմակերպվի հաջորդ ամռանը՝ Սևանա լճում: Այս մրցաշարերն այս տարի նվիրված են Հայաստանի 30-ամյակին և դրանցով պիտի ի ցույց դնենք մեր նվիրվածությունը մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը: Մենք պետք է կարողանանք առաջադրել խնդիրներ, հաղթահարել ճանապարհը և հասնել նպատակակետին: Այսօր ընդգծվում է այս փիլիսոփայությունը և հայեցակարգը»,– նշել է գործադիրի ղեկավարը:
Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները ստացել են համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի խրախուսումը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին տեղի էր ունեցել նաև «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի մրցաշարը:
Եվրոպական Միությունը սկսել է ձևավորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը․ գրում է EUobserver-ը՝ հղում անելով…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար…
Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի։ Այն անզեն աչքով տեսանելի կլինի արմտևյան և հյուսիսային Եվրոպայում, արևելյան…
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի…
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչներ, վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ…
Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին…