Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին ասել է, որ քննարկվում է Սիրիայի հարցով Աստանյան գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) ԱԳ նախարարների հանդիպման անցկացման հնարավորությունը հաջորդ ամիս։
Թլեյբերդին ընդգծել է, որ այժմ ակնկալվում է, որ բոլոր մասնակիցները կհաստատեն իրենց պատրաստակամությունը դեկտեմբերի կեսերին՝ նշելով, որ հրավերներն արդեն ուղարկվել են, ձևաչափը համաձայնեցված է, սակայն բանակցությունների օրակարգային հարցերը դեռ հաստատված չեն։
Հիշեցնենք, որ Աստանայի ձևաչափով տեղի է ունեցել 16 միջազգային հանդիպում, որոնցից վերջինը կայացել է այս տարվա հուլիսին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հաստատել են իրենց հաստատակամությունը ինքնիշխանությանը, Սիրիայի անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։
Նրանք հայտնել են իրենց վճռականությունը շարունակելու փոխգործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով և հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը:
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության դադարեցման Աստանյան խաղաղ գործընթացը մեկնարկել է 2017թ. հունվարին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:
Հավելենք, որ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2011 թվականից սկսած՝ Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել, ավելի քան 10 մլն սիրիացի տեղահանվել է:

















