ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչեվն ու Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես․
- հստակ արձանագրել են, որ երեկվա ռազմական էսկալացիան նախաձեռնել է Ադրբեջանը
- ևս մեկ անգամ դատապարտել են մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը
- մտահոգություն են հայտնել տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածությունների հնարավոր վիժեցման վերաբերյալ և գրեթե ուղղակիորեն նշել, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է՝ ապաշրջափակման հասկացության չափազանց լայն մեկնաբանմամբ
- շեշտել են Հայաստանի քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիությունը, անկախ նրանից, թե ո՛ր երկրի տարածքով է անցնում ճանապարհի այս կամ այն հատվածը
- ափսոսանք են հայտնել, որ հակառակ միջազգային հանրության կոչերին և Եվրախորհրդարանի 2021 թ․ մայիսի 20-ի բանաձևին՝ Ադրբեջանում պահվող շատ հայ ռազմագերիներ դեռ չեն վերադարձվել Հայաստան
- կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտմանը միտված բանակցությունները»։














