Այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք տաքացման կետ։ Նախատեսել ենք ևս երկու տաքացման կետ այդ ճանապարհին, որը կօգնի մեր բնակչությանը։ Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության պարագաներ», – ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։
«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մշտապես մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում»,- ասաց Փիլոյանը և հավելեց, որ ձյան պայմաններում նույնպես կկարողանան օգնություն տրամադրել քաղաքացիներին։
«Վթարկների դեպքում լինելու են քարշակներ, որոնք մեքենաներին ճանապարհից դուրս կբերեն»,- վստահեցրեց ԱԻՆ նախարարը։

















