ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր հրավիրած ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին՝ արդյոք նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումները կարո՞ղ են որևէ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա, արդյոք կանխատեսվո՞ւմ է նոր պատերազմ, նշեց՝ Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական քննության կարևոր առարկան պետք է լինի։
«Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն։ Այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։ Պատերազմից հետո Ադրբեջանը, լինելով հետպատերազմյան էյֆորիայի մեջ, փորձում է կիրառել «պատերազմում հաղթողի» իրավունքը, ինչը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։
Մենք համբերատար փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի։ Բայց միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա և հետևի այդ չափերին, որովհետև տեղի է ունենում միջազգային չափերի քայքայում։ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային նկրտումներ է ցուցաբերում։ Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանցք», ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր, ովքե՞ր են այդ տերմինները հորինում, և դա ի՞նչ է նշանակում։ Մենք հայտարարել ենք և հայտարարում ենք՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկում, չենք քննարկել և չենք քննարկելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից»,- նկատեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն և նկատեց՝ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությամբ փորձում է կոմունիկացների բացման հարցը հանել օրակարգից։
«Բայց մենք ամեն բան անելու ենք, որ նրանց չհաջողվի այդ թեման հանել օրակարգից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որքան էլ նենգափոխվի, հստակ նշված է՝ բացվում են տարածշրջանի բոլոր տրասպորտային և տնտեսական կոմունիկացները։ Իսկ հունվարի 11-ի հայտարարության մեջ ավելի մանրամասն է ձևակերպված՝ դա ինչպես է տեղի ունենալու»։
Փաշինյանի խոսքով՝ սա միջազգային իրավունքի, աշխարհակարգի հարց է։
«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե «որտեղ ուզենք, կկանգնենք», սա ի՞նչ է նշանակում։ Պետք է հասկանանք՝ սա նո՞ր աշխարհակարգ է գործում՝ ով որտեղ ուզում է, պետք է կանգնի՞։ Այսինքն՝ ստացվում է՝ որևէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ցանկանա, կկանգնի՞։ Ադրբեջանն իր բոլոր հարևաններին հայտարարում է, որ որտեղ ուզենա, կկանգնի՞։ Սա նշանակում է միջազգային իրավունքի նոր է՞ջ։ Սա միջազգային քննարկման լրջագույն առարկա է»,- նկատեց Կառավարության ղեկավարը:
Պատերազմի վտանգի մասին հարցին ի պատասխան էլ՝ վարչապետը նշեց՝ Ադրբեջանի ագրեսիվ պահվածք կա, որը պետք է զսպվի նաև միջազգային լծակներով։














