Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Սևանա լճի գույնին.
«Ոչ մասնագետների համար…
Սևանի գույնի մասին
Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները», ու ի վերջո ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:
Երբ, ասենք, Սևանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ, ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:
Կապույտ Սևան
Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշներն անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին եւ մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:
Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սևանի դեպքում/ ցիանոբակտերիանների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արևի ճառագայթների կարմիր և կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:
Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևան
Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե մասնավորապես ինչո՞վ է դա պայմանավորված:
Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային և այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն – հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկամ արդյունքում, չի բացառվում նաև սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցետրացիաների դեպքում):
Սևանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:
Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) և երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկներն առանձնանալով՝ որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները/Կարիբյանների ականջը կանչի/:
Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.
Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խորը շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ՝ ոչնչանալու են:
Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռներով ծաղկման պատճառահետևանքային կապը/նկար 2/»,- գրել է Ղազարյանը: