Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին տեղեկացանք Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կայքից:
Մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, այնտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել է Ստեփանակերտ:
Հումանիտար օգնության շրջանակում նախատեսված են ամանորյա խաղալիքներ՝ 5 հազար երեխայի համար, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկ, դպրոցական պարագաներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

















