Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Ազգային պատկերասրահը։ Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները բարձրաձայնում էին պատկերասրահից անհետացող թանգարանային առարկաների մասին։ Սրան զուգահեռ՝ 2011-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հաստատած կարգով, իսկ նրանից առաջ էլ մշակույթի այլ նախարարների հրամաններով՝ պատկերասրահից հարյուրավոր կամ միգուցե հազարավոր թանգարանային առարկաներ են տրամադրվել պետական գերատեսչություններին և նույնիսկ մասնավոր ընկերությունների։ Որոշ դեպքերում՝ պատկերասրահից դուրս եկած նկարները հետ չեն վերադարձել պահոցներ։ Թանգարանային առարկաները չեն ապահովագրվել, լավագույն դեպքում ստացած առարկաների դիմաց պատկերասրահը ստանում է չնչին գումարներ։
Նախարարի հրամանը՝ կանաչ լույս
2011-ի հունիսի 3-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաստատել է պետական թանգարաններից ու պահոցներից թանգարանային առարկաների ժամանակավոր պահպանության ու օգտագործման հանձնման կարգը։ Դրանով սահմանվել է, որ թանգարանային հավաքածուն ժամանակավոր պահպանության կարող է հանձնվել պետական կառավարչական հիմնարկներին, ՀՀ տարածքի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այլ պետությունների իրավաբանական անձանց։ Հայաստանի ազգային պատկերասրահը իրավունք է ունեցել իր թանգարանային առարկաներից պահպանության հանձնել նախագահի ընդունարանի ու աշխատասենյակի կահավորման, ԱԺ նախագահի աշխատասենյակների կահավորման, վարչապետի ընդունարանի ու աշխատասենյակների կահավորման համար։ Ըստ այդ կարգի՝ հավաքածու կարող է տրամադրվել նաև օտարերկրյա իրավաբանական անձանց։ Բոլոր այս դեպքերի համար պետք է կնքվի համապատասխան պայմանագիր և ապահովագրության պայմանագիր։ Պետական մարմինները, սակայն, թանգարանային առարկաների որևէ ապահովագրություն չեն կատարել և շարունակում են չկատարել։ Լավագույն դեպքում՝ Ազգային պատկերասրահից առարկաներ ստանալիս պետական հիմնարկները արձանագրում են առարկայի ապահովագրական արժեքը։
Մշակույթի տարբեր նախարարների հրամաններով տարբեր տարիների Հայաստանի ազգային հարստությունը համարվող թանգարանային առարկաները հայտնվել են նաև մասնավոր կազմակերպությունների ձեռքում։
Գեղանկարներ՝ «Գոլդեն փելիս»-ին ու ապակու գործարանին
Ազգային պատկերասրահը 2005-ին 10 գեղանկար է հանձնել «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ին։ Այս հյուրանոցը կապվում է մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 94 տոկոսի սեփականատերը օֆշորային գոտում գրանցված «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ընկերությունն է։ Ընկերության սեփականատերն էլ Արմեն Ավետիսյանի որդին է՝ Արտաշես Ավետիսյանը, որը նաև հյուրանոցի տնօրենն է։ Գեղանկարները ստանալուց յոթ տարից անց ազգային պատկերասրահը հարկ է համարել դրանցից երկուսը հետ վերցնել, վերանորոգել և դարձյալ հանձնել հյուրանոցին։ Խոսքը Վարդիթեր Կարապետյանի «Խոր Վիրապը և Արարատը» ու Վաղարշակ Սարգսյանի «Ամպամած օր Սևանում» գեղանկարների մասին է։ Առաջինի ապահովագրական արժեքը գնահատվել է 800 դոլար, իսկ երկրորդինը՝ 700 դոլար։ «Գոլդեն փելիսը» ապահովագրական որևէ գործընթաց չի իրականացրել։ 2013-ին պատկերասրահի բոլոր առարկաները վերադարձվել են պահոց։
2005-ին 411 միավոր առարկա Ազգային պատկերասրահը, դարձյալ մշակույթի նախարարի հրամանով, հանձնել է «Գլաս ուորլդ քամփընի» ՓԲԸ-ին։ Այս ընկերությունը Բյուրեղավանում զբաղվում էր ապակե տարաների արտադրությամբ։ Ներկայում ընկերությունը սնանկ է ճանաչված։ Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, իրավաբանական անձանց ռեգիստրում ընկերության բաժնետիրոջ մասին տեղեկություններ չկան։ 2008-2015 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն է եղել Բաբկեն Սեդրակյանը։ Նա ներկայում ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության պետն է, դրանից առաջ էլ Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն էր Հայաստանում։ «Գլաս ուորլդ քամփընին» հասցրել էր նաև աշխատավարձի պարտքեր կուտակել։
Ընկերությանը Ազգային պատկերասրահի հանձնած առարկաները ներառում են բաժակներ, տարաներ, աղցանամաններ, ծաղկամաններ, մոխրամաններ և այլն։ 2008-ին ընկերությունը դրանք վերադարձրել է։ Մեկ առարկայի հետ, սակայն, խնդիրներ են եղել՝ այն ունեցել է վնասվածք։
«Շողիկի դիմանկարը» պետք է լիներ գեներալի աշխատասենյակում
Քանի որ մշակույթի նախարարի հրամանով թանգարանային առարկաներ կարող էին դուրս գալ պատկերասրահից ու «հոսել» դեպի պետական այլ գերատեսչություններ, պարզվում է, այդ գերատեսչությունների ղեկավար անձանցից ոմանք էլ կարողացել են Ազային պատկերասրահի հաշվեկշռում գտնվող թանգարանային իրեր սեփականացնել։ 2001-ին մշակույթի նախարարի հրամանով պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը պահպանության է հանձնվել ութ գեղանկար։ Ազգային պատկերասրահում պահպանվում են փաստաթղթեր, ըստ որոնց, հանձնումից երեք տարի անց՝ 2004-ի օգոստոսի 28-ին, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները առկայության ստուգում են անցկացրել ընդունելությունների տանը, ու պարզվել է, որ Կառլոս Աբովյանի վրձնին պատկանող «Շողիկի դիմանկարը» կտավը բացակայում է։
Ըստ պատկերասրահի ակտերի՝ «պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը ինքնակամ կերպով տարել է այն՝ իր աշխատասենյակը ձևավորելու համար»։ Դեպքի մասին տեղյակ է պահվել գլխավոր դատախազությանը, սակայն ապարդյուն։ Կտավը պատկերասրահին չի վերադարձվել։
Միքայել Գրիգորյանը գեներալ-լեյտենանտ է ու 2000-2005 թթ․ եղել է պաշտպանության փոխնախարար՝ սոցիալ-դաստիարակչական գծով։ 2009-ից նա Հայ-ռուսական միացյալ զորախմբի ղեկավարն էր։ Բացի «Շողիկի դիմանկարը»-ից՝ մնացած կտավները վերադարձվել են պատկերասրահին։
Ավելին՝ civilnet.am
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…