ՆԱՏՕ-ի երկրները պետք է անհապաղ անվտանգության երաշխիքներ տան Ռուսաստանին, այլ ոչ թե հակառակը։ Այդ մասին ամենամյա մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը սպառնալիք չէ այլ պետությունների համար։
Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ դրական է արձագանքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։
«Ամերիկացի մեր գործընկերները քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում: Դրանք կսկսվեն հաջորդ տարվա սկզբին՝ Ժնևում: Կողմերն արդեն նշանակել են իրենց ներկայացուցիչներին»,- ընդգծել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ իրավիճակը կզարգանա բանակցային ճանապարհով: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե անվտանգության երաշխիքների բանակցությունների առաջընթացից, այլ Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։
«Ռուսական կողմը հստակ և պարզ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»,- նշել է նա։

















