Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հունվարի 10-ին բանակցություններ կվարեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, Եվրոպայում անվտանգության, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման շուրջ։ Այս մասին երեկ հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։
«Երբ մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը կարող է հայտնել իր մտահոգությունները, իսկ մենք՝ մերը, այդ թվում՝ Ռուսաստանի գործունեության մասին»,- ասել է նա։
Ինչպես նշում է AFP-ն, հունվարի 10-ին երկկողմ բանակցությունները կանցկացվեն ռազմավարական անվտանգության շուրջ երկխոսության շրջանակներում։ Ըստ ԱԱԽ ներկայացուցչի՝ բանակցությունների ձևաչափն առաջին հերթին նվիրված է լինելու սպառազինությունների վերահսկմանը, և հանդիպմանը քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։
Հունվարի 12-ին և 13-ին կայանալիք հետագա հանդիպումներում, նշում է AFP-ն, կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի հետ ցանկացած պայմանավորվածություն հաշվի կառնի Ուկրաինայի շահերը, հավելել է ամերիկացի պաշտոնյան։
«Նախագահ Ջո Բայդենի մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ հստակ է և հետևողական՝ միավորել Հյուսիսատլանտյան դաշինքը երկու ճակատի շուրջ՝ զսպման և դիվանագիտության»,- ասել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամները «միասնական են նաև Ռուսաստանի հետ սկզբունքային դիվանագիտություն վարելու իրենց հանձնառության մեջ»:
Ինչպես նշում է AFP-ն, այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ովքեր են մասնակցելու հունվարի 10-ին կայանալիք բանակցություններին։
Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը դեռ չեն պատասխանել այս տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։
Երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների հիմնական փուլը տեղի կունենա ամանորյա տոներից անմիջապես հետո։ Նախարարը հավելել էր, որ Մոսկվայի համար կարևոր է բանակցությունների ժամկետը՝ նշելով, որ դրանք չեն կարող ձգձգվել, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջնագրեր չի ներկայացնում այդ հարցում։ Լավրովն ընդգծել է նաև, որ այդ առումով Վաշինգտոնը Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների հիմնական բանակցողն է։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագիծը։ Դրանք դեկտեմբերի 15-ին հանձնվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդին։