Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:
Նախագահի հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ռոման Սկլյարը, վարչապետի տեղակալ՝ Երալի Տուգժանովը:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կգլխավորի Մուխտար Տլեուբերդին, որը կատարում է նաև փոխվարչապետի պարտականությունները:
Մուրատ Բեկտանովը կգլխավորի պաշտպանական գերատեսչությունը, Երլան Տուրգումբաևը՝ ներքին գործերի նախարարությունը, Բախիտ Սուլթանովը՝ առևտրի և ինտեգրման նախարարությունը:
Նոր կառավարության կազմում ընդգրկված է 21 մարդ։ Ավելի վաղ Տոկաևը Ղազախստանի վարչապետ էր նշանակել Ալիխան Սմաիլովին։